«Հիշողությունը չեն կարող ջնջել»․ Բելգիացի պատգամավոր Միշել դե Մեգդի արձագանքը՝ Ստեփանակերտում իրականացված վանդալիզմին
Կարդացեք նաև
Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Միշել դե Մեգդն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին հայկական մայր տաճարի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հիմնահատակ ոչնչացմանը։
Անդրադառնալով Ստեփանակերտում իրականացված վանդալիզմին և դրա հետևանքներին՝ Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ներկայացրել է իր դիրքորոշումը։
Ստորև ներկայացնում ենք Միշել դե Մեգդի խոսքն ամբողջությամբ․
«Հիշողության վայրի ոչնչացումը պատմությունը ջնջելու փորձ է։
Եկեղեցու ոչնչացումը երբեք սովորական ակտ չէ։ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի ոչնչացումը՝ առավել ևս։
Այս վայրերը կրում են պատմություն, հիշողություն՝ ամբողջ սերունդների հիշողությունը։ Բնակչության բռնի տեղահանումից հետո դրանք վերացնելը հավասարազոր է նաև նրանց ներկայության հետքերը ջնջելու փորձին։
Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին հայկական մայր տաճարն ամբողջությամբ հավասարեցվել է հողին։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նույնպես ոչնչացվել է։ Նրա սպիտակ մարմարյա զանգակատանը, մասնավորապես, պահվում էր մասունքարան՝ Դեր Զորից բերված աճյուններով․ մի վայր, որը խորապես կապված է 1915 թվականի կոտորածների ու մահվան երթերի հիշողության հետ։
Հետևաբար, հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությունը պետք է մնա առաջնահերթություն։ Դա բխում է միջազգային իրավունքի հարգանքից, ինչպես նաև մի էական թեզից․ խաղաղությունը չի կարող կառուցվել հիշողության ջնջման վրա։
Բելգիան կարող է և պետք է լսելի դարձնի իր ձայնը։ Աջակցել երկխոսությանն ու խաղաղությանը, անշուշտ, բայց նաև հաստատակամորեն հիշեցնել, որ զոհերի հիշատակն ու նրանց պատմության հետքերը պետք է պաշտպանված լինեն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում