Արցախի 9 նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին․ «Պահանջում ենք հստակ պետական դիրքորոշում»

Արցախի 9 նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին․ «Պահանջում ենք հստակ պետական դիրքորոշում»

Արցախի Հանրապետության մշակույթի ոլորտի ինը նախկին նախարարներ հանդես են եկել բաց նամակով՝ ուղղված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Գերատեսչության նախկին ղեկավարները պաշտոնական Երևանից պահանջում են ձեռնարկել գործնական և հետևողական քայլեր՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության, դեպքերի փաստագրման և միջազգային ատյաններում դրանք ներկայացնելու ուղղությամբ։

Բաց նամակը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային կոթողների ու հուշարձանների ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակական քաղաքականությամբ, ինչպես նաև Բաքվի կողմից այդ գործընթացը միջազգային հարթակներում լեգիտիմացնելու ակտիվ փորձերով։ Նախկին պաշտոնյաները հատուկ ընդգծում են, որ հայկական արժեքների պահպանությունը չի կարող սահմանափակվել լոկ արձանագրություններով, այլ պահանջում է հստակ պետական դիրքորոշում և հստակ գործողություններ։

Դիմումի մեջ նախկին նախարարները ԿԳՄՍ նախարարությունից պահանջում են հրապարակային ու հստակ գնահատական տալ Բաքվի որդեգրած քաղաքականությանը, ստեղծել մշտադիտարկման ու փաստագրման պետական մեխանիզմներ, ինչպես նաև հարցը հետևողականորեն բարձրացնել միջազգային մասնագիտական ու միջպետական կառույցներում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախի թանգարանային հավաքածուների պահպանմանը, դրանց իրավական կարգավիճակի ֆիքսմանը և բռնի տեղահանված արցախահայության մշակութային իրավունքների համատեքստում այդ արժեքների վերադարձի հարցը միջազգային օրակարգում ներառելուն։

Բաց նամակին միացել են Արցախի մշակույթի նախկին նախարարներ Անահիտ Հակոբյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Սերգեյ Շահվերդյանը, Նարինե Աղաբալյանը, Նորեկ Գասպարյանը, Կամո Աթայանը, Աշոտ Ղուլյանը, Արմեն Սարգսյանն ու Նելլի Ոսկանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում