Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից և Թուրքիայից․ «Коммерсантъ»-ը ներկայացրել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից և Թուրքիայից․ «Коммерсантъ»-ը ներկայացրել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դիտարկում է էներգակիրների մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիայի հնարավորությունը, ինչը կարող է էականորեն փոխել տարածաշրջանային էներգետիկ պատկերը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին անդրադարձել է ռուսական հեղինակավոր Коммерсантъ պարբերականը՝ ընդգծելով Երևանի պատրաստակամությունը՝ բնական գազ ձեռք բերելու նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից։

Խոսելով երկրի էներգետիկ քաղաքականության մասին՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանի նպատակն է խուսափել միակողմանի կախվածությունից։ Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ անհրաժեշտ է գազ գնել բոլոր հնարավոր ուղղություններից՝ լինի դա Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, թե Թուրքիան, հավելելով, որ անթույլատրելի է «մի գրպանից դուրս գալն ու մյուսի մեջ թռչելը»։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ռուսական վառելիքն ավելի էժան է ստացվում, խորհրդարանի ղեկավարը նկատել է, որ գազի իրական գինը չի չափվում բացառապես դոլարային արտահայտությամբ, և որ այն հաճախ օգտագործվում է որպես քաղաքական ազդեցության լծակ։

Այս հայտարարությունները հնչում են Մոսկվայի հետ հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին։ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նախազգուշացրել է 2013 թվականի մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի հնարավոր կասեցման կամ չեղարկման մասին, եթե Երևանը շարունակի մերձեցման քաղաքականությունը Եվրոպական Միության հետ։

Հայաստանի տնտեսության համար ռուսական մատակարարումների փոփոխությունը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ։ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սպասվող հնարավոր թանկացումներն որակել է որպես «ապոկալիպտիկ երևույթ», որը անխուսափելիորեն կհանգեցնի բարձր ինֆլյացիայի և տնտեսական աճի տեմպերի կտրուկ դանդաղման։

Ինչպես նշում է Коммерсантъ-ը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գազամատակարարման հիմնական աղբյուրը․ 2025 թվականին «Գազպրոմը» երկիր է հասցրել շուրջ 2.7 միլիարդ կուբամետր բնական գազ։ Ստեղծված իրավիճակում Երևանի փորձերը՝ գտնելու այլընտրանքային ուղիներ, ցույց են տալիս տարածաշրջանում նոր տնտեսական ու քաղաքական իրողությունների ձևավորման ընթացքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում