Սաուդյան Արաբիան պատժիչ հարվածներով է սպառնում հուսիներին. F-15 կործանիչ է խոցվել

Սաուդյան Արաբիան պատժիչ հարվածներով է սպառնում հուսիներին. F-15 կործանիչ է խոցվել

Մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակը կտրուկ սրվում է։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ առանց վարանելու «զսպող միջոցներ» կկիրառի եմենցի հուսիների («Անսար Ալլահ») դեմ՝ իսլամի գլխավոր սրբավայր Մեքքայի մերձակայքում անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների վերաբերյալ զգուշացումներից հետո:

Սաուդյան ալյանսի միացյալ հրամանատարության ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիքին ընդգծել է, որ Երկու սուրբ մզկիթների և ուխտավորների անվտանգությունը «կարմիր գիծ» է, և կոալիցիան պատրաստ է վճռական պատասխան տալ: Իրավիճակը թեժացել է այն բանից հետո, երբ Եմենի տարածքից արձակված բալիստիկ հրթիռների և դրոնների հարվածների հետևանքով թագավորության հարավում 13 մարդ է վիրավորվել:

Մեքքայի դեմ ուղղված հնարավոր սպառնալիքներն արդեն խիստ դատապարտել են Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ):

Իրենց հերթին, «Անսար Ալլահ» շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան կտրականապես հերքել է Մեքքային հարվածելու մեղադրանքները՝ դրանք անվանելով ապատեղեկատվություն: Նա հայտարարել է, որ իրենց թիրախը բացառապես սաուդյան նավթային ենթակառուցվածքներն ու ռազմաբազաներն են:

Ավելին, հուսիները հայտարարել են սեփական արտադրության «օդ-օդ» դասի հրթիռով սաուդյան F-15 ռազմական կործանիչ խոցելու մասին՝ Սաուդյան Արաբիային մեղադրելով 450 ավիահարված հասցնելու մեջ:

Ռազմական գործողություններն ակտիվացել են նաև ծովում: Հուսիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին և վերահսկողություն հաստատել Կարմիր ծովի եմենյան ողջ ափամերձ հատվածի ու ռազմավարական Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ: Սա լուրջ սպառնալիք է գլոբալ նավթային և ապրանքային լոգիստիկայի համար, քանի որ նեղուցը հանդիսանում է Հնդկական օվկիանոսը Սուեզի ջրանցքին կապող հիմնական երթուղին:

Եգիպտոսն ու Կատարը արդեն իսկ ահազանգում են հնարավոր աղետալի հետևանքների մասին. Բաբ էլ-Մանդեբով նավարկության խափանումը կարող է ծանր հարված հասցնել համաշխարհային տնտեսությանը և Սուեզի ջրանցքից կախված Եգիպտոսի ֆինանսական կայունությանը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենում վերսկսված մարտական գործողությունների պատճառով սեպտեմբերի սկզբից ի վեր ավելի քան 82 հազար մարդ տեղահանվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում