«Դպրոցը երեխաների մտածողությունը կառավարելու տեղը չէ»․ Վլադիմիր Մարտիրոսյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը
Կարդացեք նաև
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալուն վերլուծությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, ըստ որոնց՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող թեզերը դպրոցներում «չպետք է հնչեն», իսկ Կառավարությունը պետք է դրա դեմ «կոնկրետ գործողություններ» իրականացնի։
Քաղաքագետի գնահատմամբ՝ սա այլևս սովորական քաղաքական խոսույթ կամ պոպուլիզմ չէ, այլ պետության բնույթի ու թույլատրելի մտածողության սահմանները որոշելու վտանգավոր փորձ։ Մարտիրոսյանն ընդգծում է, որ քաղաքական ուժի ընտրական հաղթանակը տալիս է պետությունը կառավարելու մանդատ, սակայն ինքնաբերաբար չի ստեղծում սեփական աշխարհընկալումը «իշխող գաղափարախոսություն» դարձնելու կամ դպրոցներում այլակարծությունը սանկցավորելու իրավունք։
Վերլուծության մեջ նշվում է, որ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը երաշխավորում է գաղափարախոսական բազմակարծությունը, իսկ 2026 թվականի ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը հստակ արձանագրում է, որ ընտրությունները նաև իշխանության սահմանափակման միջոց են։ Ընտրողների թվաբանական պատկերը նույնպես փաստում է, որ իշխող ուժը չի ներկայացնում ողջ հասարակության գաղափարական համոզմունքները։
Մարտիրոսյանը նկատում է, որ կրթական համակարգի նկատմամբ գաղափարախոսական վերահսկողություն սահմանելու տրամաբանությունը հիշեցնում է ավտորիտար պետությունների մեխանիզմները, որտեղ իշխանությունը քաղաքական մանդատից փորձում է կորզել մի լիազորություն, որը քաղաքացին նրան երբեք չի տվել։
«Դուք ստացել եք պետությունը կառավարելու մանդատ։ Մեր երեխաների մտածողությունը կառավարելու մանդատ՝ ոչ։ Դպրոցը այն տեղը չէ, որտեղ իշխանությունը պետք է հաղթի իր գաղափարական հակառակորդներին։ Դպրոցը հենց այն տեղն է, որտեղ երեխան պետք է սովորի, որ իշխանությունն էլ կարող է սխալ լինել»,- եզրափակում է Վլադիմիր Մարտիրոսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում