«Հասկանում եմ մարդկային տառապանքը ճանաչելու պատասխանատվությունը»․ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շնայդերը՝ ANCA-ի միջոցառմանը

«Հասկանում եմ մարդկային տառապանքը ճանաչելու պատասխանատվությունը»․ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շնայդերը՝ ANCA-ի միջոցառմանը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) «Advocacy Days» միջոցառման փակմանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Բրեդ Շնայդերը՝ ընդգծելով Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգության ապահովման կարևորությունը։  

Իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ ամերիկացի օրենսդիրը հիշեցրել է, որ երեք տարի առաջ Ադրբեջանը բռնի ուժով տեղահանեց 150,000 արցախահայերի՝ ամբողջությամբ հայաթափելով Արցախը։ Սրան նախորդել էր Լաչինի միջանցքի տասնամսյա շրջափակումը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչությունը զրկվել էր սննդից, վառելիքից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից։

«Որպես հրեական ծագումով ամերիկացի՝ ես հասկանում եմ մեր ժամանակներում մարդկային տառապանքը ճանաչելու և բարձրաձայնելու քաջություն ունենալու պատասխանատվությունը։ Ահա թե ինչու եմ աջակցել Կոնգրեսում հստակ քայլերի ձեռնարկմանը, այդ թվում՝ կոչ անելով ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց, դատապարտելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը և աջակցելով Հայաստանի անվտանգության ամրապնդմանը»,- նշել է Բրեդ Շնայդերը։

Կոնգրեսականը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և ամերիկահայ համայնքին՝ ընդգծելով, որ համատեղ հավաքը հիշեցում էր ընդհանուր հանձնառության մասին՝ հանուն այնպիսի խաղաղ ապագայի, որտեղ հարգվում են հայ ժողովրդի իրավունքները, անվտանգությունն ու արժանապատվությունը։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում