Լավությունն ու ազնվությունը Երևանում․ կանգառում մոռացված 2,3 միլիոն դրամն ու ոսկին ամբողջությամբ վերադարձվել են տիրոջը
Կարդացեք նաև
Երևանում արձանագրվել է ազնվության ու բարձր քաղաքացիական պատասխանատվության ուշագրավ դեպք։ Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 59-ամյա Լորետա Բ.-ն։ Կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտա 20 հասցեում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի նստարանին անուշադրության հետևանքով մոռացել է իր պայուսակը, իսկ կարճ ժամանակ անց վերադառնալով՝ այնտեղ այլևս չի գտել, հաղորդում է Shamshyan.com-ը։
Ահազանգից անմիջապես հետո նշված կանգառ են ժամանել Շենգավիթի համայնքային ոստիկանները։ Տուժած կինը իրավապահներին հայտնել է, որ կորած պայուսակում եղել է խոշոր չափի գումար՝ մոտ 2 միլիոն 300 հազար դրամ, մի քանի կտոր ոսկյա զարդեր, ինչպես նաև իր համար անձնական մեծ նշանակություն ունեցող փաստաթղթեր։
Մինչ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու և պայուսակը հայտնաբերելու ուղղությամբ, ժամեր անց Լորետա Բ.-ն կրկին ահազանգել է ոստիկանություն և հայտնել անսպասելի լավ նորություն։
Պարզվել է, որ մի քաղաքացուհի, հավանաբար պայուսակի մեջ առկա անձնագրից իմացել է տուժածի բնակության հասցեն, անձամբ այցելել է նրանց տուն և վերադարձրել գտնված պայուսակը։ Տանը պայուսակի պարունակությունը ստուգելիս պարզվել է, որ դրանից ոչինչ չի պակասել․ ամբողջ գումարը, ոսկյա զարդերն ու փաստաթղթերը եղել են տեղում։
Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում