«Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան»․ Բայրամովի աղմկահարույց հայտարարությունը ՄԱԿ-ի ամբիոնից

«Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան»․ Բայրամովի աղմկահարույց հայտարարությունը ՄԱԿ-ի ամբիոնից


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ունեցած ելույթի զգալի մասը նվիրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և տարածաշրջանային «խաղաղության» օրակարգին։

Բաքվի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ հակամարտությունից հետո ընթացող կարգավորման գործընթացին զուգահեռ իրենց օրակարգն ուղղված է նրան, որ «հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կարողանան իրացնել իրենց իրավունքը՝ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրենց տները» Հայաստանի տարածքում։

Չնայած այս նկրտումներին՝ Բայրամովը պնդել է, թե կողմերն այժմ «փաստացի խաղաղության են հասել»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է տարանցիկ սահմանափակումները՝ պարզեցնելով ապրանքների տեղափոխումը դեպի Հայաստան, երկրների միջև հաստատվել են երկկողմ առևտրային հարաբերություններ, և Բաքուն պարբերաբար նավթամթերք է մատակարարում Երևանին։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ խաղաղության օրակարգի առաջխաղացումը տարածաշրջանը վերածում է կայունության, տրանսպորտային կապի և տնտեսական օգուտների կենտրոնի։

«Այս գործընթացի անշրջելիությունն ապահովելու համար կարևոր է վերացնել մնացած խոչընդոտը՝ արդեն նախաստորագրված երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով կարգավորման գործընթացն ավարտելու պայմաններ ստեղծելու համար», – հայտարարել է Բայրամովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում