«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը ՄԱԿ-ից պահանջում է աջակցել Հայաստան ադրբեջանցիների «վերադարձին»
Կարդացեք նաև
Բաքվում գործող և Ադրբեջանի իշխանությունների հովանավորությունը վայելող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը հերթական անգամ դիմել է ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմներին՝ պահանջելով աջակցել իր կողմից «արևմտյան ադրբեջանցիներ» անվանվող անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք «անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի» գործընթացին։
Կազմակերպությունը պնդում է, թե իբր խոսքը Հայաստանի տարածքից հեռացած ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության մասին է, և ՄԱԿ-ից ակնկալում է գործուն ներգրավվածություն։ Նմանատիպ պահանջներ կազմակերպությունը միջազգային կառույցներին ներկայացրել է նաև նախկինում։ ՄԱԿ-ում շրջանառված ադրբեջանական փաստաթղթերում առաջարկվում է միջազգային մասնակցությամբ ստեղծել հատուկ մեխանիզմներ՝ այդ «վերադարձն» ապահովելու համար։
Դիմումում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական «ժառանգության» վիճակին։ Ադրբեջանական խումբը պահանջում է ՄԱԿ-ի և մասնագիտացված այլ կառույցների ներգրավմամբ գնահատել այդ հուշարձանների վիճակը, ինչպես նաև աջակցել դրանց պահպանմանն ու վերականգնմանը։ Նմանատիպ թեզեր ներառված են նաև կազմակերպության հրապարակած «Վերադարձի հայեցակարգում»։
Հարկ է ընդգծել, որ «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Բաքվի բռնապետական ռեժիմի կողմից կիրառվող քաղաքական-տարածքային հավակնոտ անվանում է։ Այն որևէ իրավական կարգավիճակ չունի և ՄԱԿ-ի կամ միջազգային որևէ այլ կառույցի կողմից ճանաչված չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում