Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյի գլխավորությամբ։
Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին՝ Նորին Սրբությունը բարձր է գնահատել հիմնադրամի մարդասիրական առաքելությունն ու տարբեր երկրներում կրթության, գիտության և մշակույթի զարգացմանն ուղղված գործունեությունը։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես կարևորել է հիմնադրամի նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի և սփյուռքի հայկական համայնքների զորացմանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ հիմնադրամի երկարամյա համագործակցությանը՝ հիշատակելով դեռևս 1954 թվականին Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքներին ցուցաբերված աջակցությունը, Մայր Աթոռի վանատան կառուցումը, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանին ցուցաբերված նպաստը: Անդրադառնալով Մայր Տաճարի վերջին հիմնանորոգմանն ու վերաօծմանը՝ Հայոց Հայրապետը ընդգծել է Մայր Աթոռի առաքելությունը ազգային ինքնության պահպանման և համախմբման գործում։
Նորին Սրբությունն իր աղոթական բարեմաղթանքներն է փոխանցել հիմնադրամի ղեկավարությանն ու աշխատակիցներին՝ մաղթելով, որ նույն նվիրումով շարունակեն իրագործել Գալուստ Գյուլբենկյանի տեսիլքը՝ ի նպաստ սերունդների կրթության և մշակույթի պահպանության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում