Բաքվում ԱՄՆ բանագնացի հետ քննարկել են դեպի Նախիջևան «անխափան» կապի ու TRIPP նախագծի հարցերը

Բաքվում ԱՄՆ բանագնացի հետ քննարկել են դեպի Նախիջևան «անխափան» կապի ու TRIPP նախագծի հարցերը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Խաղաղապահ առաքելությունների գծով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի հետ։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացքն ու տարածաշրջանային հարցեր։

Բայրամովն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովին և 2026 թվականի փետրվարի 10-ին ստորագրված Ռազմավարական գործընկերության խարտիային՝ նշելով դրանց շրջանակում ձևավորված աշխատանքային խմբերի գործունեության մասին։

Զրուցակիցները քննարկել են տնտեսական ու էներգետիկ համագործակցությունը, «Միջին միջանցքի» ընդլայնումը և ենթակառուցվածքային ծրագրերը։ Ադրբեջանական կողմը բարձրացրել է TRIPP նախագծի հարցը՝ պնդելով, որ այն պետք է ապահովի Ադրբեջանի տարածքով «անխափան կապ» դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Բայրամովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում