«Ռազմավարական փակուղի». ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարների մասին

«Ռազմավարական փակուղի». ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարների մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այս պահին ռուս-ուկրաինական հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորման հեռանկարներ չեն նշմարվում։ Հունական «Kathimerini» պարբերականին տված հարցազրույցում ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ կողմերը հայտնվել են «ռազմավարական փակուղում», ինչը հղի է լուրջ վտանգներով։

«Ռազմավարական փակուղիները կարող են հանգուցալուծվել միայն երկու ճանապարհով․ կամ բանակցությունների միջոցով, կամ կողմերից մեկի կամ երկուսի կտրուկ էսկալացիայով, որն ի վերջո դուրս է գալիս սկզբնական հակամարտության շրջանակներից»,- նշել է Ռուբիոն։ Նրա փոխանցմամբ՝ խաղաղության հասնելու ջանքերն առայժմ անարդյունավետ են, քանի որ Մոսկվան որպես պայման է դնում Դոնեցկի նկատմամբ ամբողջական վերահսկողության սահմանումը, ինչն անընդունելի է Կիևի համար։

ԱՄՆ պետքարտուղարը վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կառուցողական դերակատարում ունենալ դիվանագիտական լուծում գտնելու գործում՝ միաժամանակ մեծ մտահոգությամբ հետևելով իրավիճակի հնարավոր զարգացումներին։ Նա նաև առանձնակի անհանգստություն է հայտնել Սև ծովում նավերի վրա վերջերս իրականացված հարձակումների կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում