«Շվեյցարիան պատրաստ է աջակցել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»․ Իգնասիո Կասիսի հայտարարությունը Երևանում
Կարդացեք նաև
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը Երևանում հայտարարել է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։
«Ես խրախուսում եմ երկու երկրներին շարունակել ջանքերը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հարաբերությունների կարգավորմանն ու, հատկապես, դրա իրականացմանը հասնելու համար։ Հաշվի առնելով երկխոսության և խաղաղության հաստատման մեր փորձը՝ Շվեյցարիան ցանկանում է աջակցել այս գործընթացին, եթե երկու կողմերն էլ դա ցանկանան»,- ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ընդգծել է Կասիսը։
ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով՝ Շվեյցարիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ պայմանավորված դրական զարգացումները և փաստացի խաղաղության հաստատումը, քանի որ արձանագրված հաջողությունները հնարավորություն են տալիս հասնելու կայուն խաղաղության։ Միևնույն ժամանակ, Իգնասիո Կասիսը շեշտել է, որ դեռևս պահպանվում են մի շարք մարտահրավերներ, մասնավորապես՝ մարդասիրական հարցերում։
Հարկ է նշել, որ ադրբեջանական բանտերում այս պահին ապօրինաբար պահվում է 19 հայ գերի, որոնք դատապարտվել են 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում