Զանգվածային բախումներ Տիրանայում․ 55 ձերբակալված, տասնյակ վիրավոր ոստիկաններ և հրդեհված շենքեր

Զանգվածային բախումներ Տիրանայում․ 55 ձերբակալված, տասնյակ վիրավոր ոստիկաններ և հրդեհված շենքեր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաներից և ոստիկանության հետ բախումներից հետո իրավապահները ձերբակալել են 55 մարդու, այդ թվում՝ երկու անչափահասի։ Եվս 98 մասնակցի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Ոստիկանության տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել է 51 իրավապահ։

Ուսանողական բողոքի ակցիաները մեկնարկել էին հոկտեմբերի 13-ին․ կազմակերպիչները որպես պատճառ նշում էին ուսման բարձր վարձավճարները, համալսարանական վատ պայմանները, կոռուպցիան և աշխատանք գտնելու հեռանկարների բացակայությունը։ Սակայն արդեն հոկտեմբերի 14-ին տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Տիրանայի փողոցներ՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի կառավարության հրաժարականը։

Բախումները սկսվել են Կրթության նախարարության շենքի մոտ, որտեղ ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, մետաղական իրեր, հրավառելիք և «Մոլոտովի կոկտեյլներ»։ Իրավապահները կիրառել են ջրանետներ և արցունքաբեր գազ։ Անկարգությունների ընթացքում վնասվել են Կրթության, Արդարադատության նախարարությունների, խորհրդարանի, բանկերի և առևտրային ձեռնարկությունների շենքերը։ Ցուցարարները հրդեհել են մի շարք շինություններ, այդ թվում՝ «Raiffeisen Bank»-ի մասնաճյուղն ու Ալբանիայի և Եվրոպական միության համագործակցությամբ բացված Եվրոպայի քոլեջի գրասենյակը։

Բախումներից հետո Մայր Թերեզայի անվան համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 23 ոստիկան, հինգ ցուցարար և մեկ անցորդ։ Ցույցերը կապված են «Ֆլամինգոյի հեղափոխություն» ավելի լայն շարժման հետ, որը մեկնարկել էր մայիսին՝ Զվերնեցի պահպանվող ափամերձ գոտում էլիտար զբոսաշրջային համալիրի կառուցման պլանների դեմ, իսկ ավելի ուշ վերածվել համաժողովրդական հակակառավարական ալիքի։

Վարչապետ Էդի Ռաման բացառել է իր հրաժարականի հնարավորությունը՝ հայտարարելով, որ թույլ չի տա բռնությանը խոչընդոտել Ալբանիայի անդամակցությունը ԵՄ-ին, իսկ անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրել է ընդդիմությանը։ Ալբանիայում ԵՄ ներկայացուցչությունը դատապարտել է բռնությունն ու գույքի ոչնչացումը։ Միևնույն ժամանակ, ոստիկանությանն առաջադրվել են ուժի չափազանցված կիրառման մեղադրանքներ․ ցուցարարներից մեկի ոտքի կոտրվածք ստանալու տեսանյութից հետո աշխատանքից հեռացվել է չորս ոստիկան և մեկ տեղամասի պետ, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է հետաքննություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում