Բողոքի ալիքն անցել է Իտալիա․ Միլանում, Թուրինում և Բոլոնիայում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ
Կարդացեք նաև
Իտալիայում հոկտեմբերի 17-ին կյանքի բարձր արժեքի, բենզինի գների և հարկային բեռի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները, հետևելով հարևան Ֆրանսիայի օրինակին, վերածվել են զանգվածային անկարգությունների ու իրավապահների հետ բախումների։ ANSA գործակալության փոխանցմամբ՝ բախումներ են արձանագրվել Միլանում, Թուրինում, Բոլոնիայում և Բերգամոյում։
Միլանում ցուցարարները հրավառելիքի ու շշերի տարափով ստիպել են ոստիկանությանը նահանջել՝ զբաղեցնելով քաղաքի կենտրոնական Դուոմո հրապարակը։ Բոլոնիայում ցուցարարների մի խումբ անջատվել է երթից և կայարանի շրջանում ոստիկանների ուղղությամբ նետել ծխաբումբեր, ապակյա շշեր, քարեր ու արգելապատնեշներ․ իրավապահները կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Միայն Միլանում վիրավորվել է առնվազն 4 իրավապահ և 20 ցուցարար, իսկ ավելի քան 50 երիտասարդներ, որոնց կեսը անչափահասներ են, ձերբակալվել են։
Իրավիճակին կոշտ արձագանք է տվել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին՝ հայտարարելով․ «Բողոքելը իրավունք է, բայց մեր քաղաքներն այրելն ու ավերելը իրավունք չէ»։ Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան ևս դատապարտել է բռնությունը՝ նշելով, որ իրավապահների նկատմամբ բռնությունն ու քաղաքին հասցված հսկայական վնասն արդարացում չունեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում