Էրդողանը շնորհավորել է Ալիևին․ «եղբայրական» ուղերձ՝ Բաքվի և Անկարայի լարվածության ֆոնին

Էրդողանը շնորհավորել է Ալիևին․ «եղբայրական» ուղերձ՝ Բաքվի և Անկարայի լարվածության ֆոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը X-ի իր էջում ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ ընդգծելով «եղբայրական» հարաբերություններն ու անձնական ջերմությունը Իլհամ Ալիևի հանդեպ։ Միջազգային դիվանագիտական արարողակարգի լավագույն ավանդույթներով ձևակերպված այս հայտարարությունը, սակայն, հնչում է մի ժամանակահատվածում, երբ երկու պետությունների հարաբերությունների «մեկ ազգ, երկու պետություն» փայլուն ֆասադի հետևում նկատելիորեն խորանում են լուրջ տարաձայնությունները։

Վերջին շրջանում Անկարայի և Բաքվի միջև հարաբերությունները փորձության են ենթարկվում մի շարք զգայուն հարցերի պատճառով։ Ադրբեջանում ընթացող ներքաղաքական գործընթացները, մասնավորապես՝ կրոնական ու հասարակական ոլորտում հիջաբի շուրջ բռնկված դժգոհություններն ու ըմբոստությունները, արժանացել են Բաքվի կոշտ արձագանքին։ Իլհամ Ալիևը, բավականին ակնհայտ ակնարկներով, զգուշացրել է արտաքին ուժերին՝ չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին՝ հատուկ ընդգծելով սեփական ինքնիշխանությունն ու անվտանգության ոլորտի անկախությունը։

Իրավիճակն ավելի է սրվել ադրբեջանական իրավապահ մարմինների և հետախուզական ծառայությունների կողմից իրականացված գործողությունների ֆոնին, որոնց թիրախում են հայտնվել նաև թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Թուրք լրագրողների նկատմամբ իրականացված հետապնդումներն ու հետախուզական ստուգումները ցույց են տալիս, որ Բաքվում բավականին զգուշավորությամբ, եթե չասենք՝ կասկածամտությամբ են վերաբերվում թուրքական կողմի ազդեցության տարածման փորձերին։

Այսպիսով, Էրդողանի շնորհավորական ուղերձը թեև արտաքուստ պահպանում է ավանդական «անխախտ եղբայրության» տոնայնությունը, իրականում ընդամենը դիվանագիտական շղարշ է՝ ծածկելու համար այն լարվածությունն ու շահերի բախումը, որն այսօր առկա է Անկարայի և Բաքվի միջև։

Նարինե Գաբրիելյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում