Կարգապահական ճգնաժամ ադրբեջանական բանակում․ Բաքուն ստիպված դիմում է պատժիչ միջոցների խստացման

Կարգապահական ճգնաժամ ադրբեջանական բանակում․ Բաքուն ստիպված դիմում է պատժիչ միջոցների խստացման

Ադրբեջանական զինված ուժերում տիրող ներքին խնդիրներն ու կարգապահության անկումն աստիճանաբար ստանում են այնպիսի ծավալներ, որոնք այլևս հնարավոր չէ թաքցնել պաշտոնական հաղորդագրությունների հետևում։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության հանձնաժողովում շտապ կարգով քննարկման է դրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը, որն ուղղակիորեն թիրախավորում է զինծառայողների կողմից զորամասերն ինքնակամ լքելու դեպքերը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, օրենսդրական այս խստացումները վերաբերում են սպայական կազմին, ենթասպաներին, միչմաններին և երկարամյա ծառայության պայմանագրայիններին։ Նոր նախագծով՝ ծառայության վայրից կամ զորամասից ավելի քան մեկ օր, բայց ոչ ավելի, քան 10 օր ապօրինի բացակայելու կամ առանց հարգելի պատճառի չներկայանալու համար սահմանվում է 200-ից 300 մանաթ տուգանք կամ վարչական կալանք՝ մինչև 15 օր ժամկետով (գործող օրենքով նախատեսված էր վարչական կալանք՝ մինչև 20 օր)։ Իսկ եթե նշված խախտումը կրկնվում է մեկ տարվա ընթացքում՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սահմանվում է 300-ից 500 մանաթ տուգանք կամ վարչական կալանք՝ 10 օրից մինչև 1 ամիս ժամկետով (գործող օրենքով՝ 15 օրից մինչև 1 ամիս)։

Ադրբեջանական աղբյուրները փորձում են ներկայացնել, թե պատասխանատվության խստացմանը զուգահեռ տուգանքի տեսքով այլընտրանքային պատժի ներդրումն իբր «առաջադեմ քայլ» է, սակայն իրականությունն այլ է։ Սպայական կազմի և պայմանագրայինների շրջանում արձանագրվող զանգվածային դասալքություններն ու ծառայությունից խուսափելու փաստերը վկայում են ադրբեջանական բանակում առկա խորքային բարոյահոգեբանական ճգնաժամի մասին։ Երբ պետությունը ստիպված է լինում օրենսդրական մակարդակով՝ տուգանքներով ու կալանքի ժամկետների վերանայմամբ սեփական սպաներին պահել զորամասերում, դա ուղղակիորեն փաստում է, որ ներքին կարգապահությունն ու վերահսկողությունը հասել են կրիտիկական կետի։

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում