Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել
Կարդացեք նաև
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում՝ Հայ կաթողիկե Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում, տեղադրվել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հայկական խաչքար։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Քաջարանի համայնքապետարանը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս նշանակալի իրադարձությունը հերթական կարևոր քայլն է Քաջարան և Սեն Շամոն քույր քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման, հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման և միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնելու ճանապարհին։ Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ և հյուրեր։
Եկեղեցական հատուկ արարողակարգից հետո խաչքարն օծվել է Ֆրանսիայի հայ կաթողիկե առաջնորդ, եպիսկոպոս Եղյա Եղեայանի ձեռամբ՝ Տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի օրհնությամբ։ Միջոցառման շրջանակում մատուցվել է նաև Սուրբ պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։
Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Մանվել Փարամազյանն ու Ակսել Դյուգուան՝ ընդգծելով երկու համայնքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների, փոխադարձ համագործակցության և պատմական հիշողության անաղարտ պահպանման կարևորությունը։
Հայկական հոգևոր ու մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնության և ունեցած ավանդի համար Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը եպիսկոպոս Եղյա Եղեայանի կողմից պարգևատրվել է հայ նահատակ Իգնատիոս Մալոյանի անվան մեդալով, իսկ Տեր Ռաֆայել Շեֆիքյանի կողմից՝ Սեն Շամոնի Հայ կաթողիկե եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացի մեդալով։
«Հայկական խաչքարի տեղադրումը խորհրդանշական իրադարձություն է ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքի, այլև ողջ հայության համար։ Այն հայ ժողովրդի պատմական հիշողության, քրիստոնեական հավատքի, ազգային ինքնության և սերունդների միջև անխզելի կապի յուրօրինակ արտահայտությունն է։ Այսուհետ Սեն Շամոնի հայկական խաչքարը կկանգնի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման, հայ ժողովրդի տոկունության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մնայուն խորհրդանիշ»,- իր ելույթում ընդգծել է Մանվել Փարամազյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում