Բացառիկ տեսանյութ ArmLur.am-ից․ ինչպես են անասնագոմից դուրս հանում հայ ընտանիքի վրա հարձակված ադրբեջանցուն
Կարդացեք նաև

ArmLur.am կայքի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես են իրավապահները ձերբակալում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Սյունիքի մարզի Շաքի գյուղում հայ ընտանիքի տուն ներխուժած և մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Տեսանյութում պատկերված է, թե ինչպես են նրան դուրս հանում տեղի բնակիչներից մեկի անասնագոմից, որտեղ վերջինս թաքնվել էր հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո։
Կայքի տեղեկություններով՝ հարցաքննության ընթացքում ադրբեջանցի զինծառայողը փորձել է արդարանալ՝ պնդելով, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նա հայտարարել է, թե իբր խնդրել է իրեն բաց թողնել, սակայն երբ տանտիրուհին բռնել է զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին, Մուսաևը գրավոր պնդումներ է ներկայացրել, թե իբր դրանից հետո կինն ու ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն․ փաստացի, սահմանախախտ հանցագործը փորձում է ներկայանալ որպես «անմեղ զոհ»։
Մուսաևի այս կեղծ պնդումներին, սակայն, լիովին հակասում են տուժած տանտիրուհու՝ Անի Ավետիսյանի ներկայացրած դաժան մանրամասները։ Կինը պատմել է, որ զինված ադրբեջանցին զենքն անմիջապես ուղղել է փոքրահասակ երեխաների վրա, ապա կրակել իր ուղղությամբ։ Մայրական բնազդով երեխաներին պաշտպանելու փորձի ժամանակ կինը բռնել է զենքի փողը, ինչի հետևանքով վնասվել է ձեռքը, իսկ հաջորդ կրակոցից՝ ոտքը։ Զինծառայողը փորձել է կրկին լիցքավորել զենքը, սակայն դիմադրության հանդիպելով՝ դիմել է փախուստի։ «Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»,– ընդգծել է Անի Ավետիսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում