Լարված իրավիճակ Արտենիում․ բնակիչները բողոքում են դպրոցից Զորավար Անդրանիկի նկարը հեռացնելու դեմ

Լարված իրավիճակ Արտենիում․ բնակիչները բողոքում են դպրոցից Զորավար Անդրանիկի նկարը հեռացնելու դեմ

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում լարված իրավիճակ է ստեղծվել։ Գյուղում արդեն մի քանի օր է անհանգիստ է, քանի որ բնակիչները տեղեկություն էին ստացել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից պետք է հեռացվի երկար տարիներ այնտեղ գտնվող՝ հատուկ քարերով ստեղծված Զորավար Անդրանիկի պատկերը։

Բնակիչները 2-3 օր շարունակ հերթապահություն են իրականացրել դպրոցի մոտ՝ փորձելով թույլ չտալ նկարի հեռացումը։ Այնուամենայնիվ, հոկտեմբերի 23-ին հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել է պատից, ինչը մեծ զայրույթ է առաջացրել գյուղացիների շրջանում։

Բնակիչները սպառնացել են դիմել կտրուկ քայլերի և փակել ճանապարհները, սակայն այս պահին ձեռնպահ են մնում՝ սպասելով, թե ինչ որոշում կկայացվի մեծադիր նկարի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Գյուղացիներն առաջարկում են, որ եթե նկարը հեռացվել է դպրոցից, այն գոնե տեղադրվի գյուղի՝ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում