Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի պահանջով ձերբակալված ադրբեջանցուն փոխանցել են Բաքվի դեսպանատանը․ Ալեն Ղուլյան
Կարդացեք նաև
Հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սոցիալական ցանցերում և ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, համաձայն որոնց՝ Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի Իբադ Հուսեյնովը։ Ըստ հրապարակումների՝ նա մի քանի ժամ պահվել է օդանավակայանում, իսկ իրավիճակը կարգավորվել է Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության անմիջական միջամտությունից հետո․ դեսպանատան աշխատակիցը անձամբ է ժամանել օդանավակայան, ինչից հետո Հուսեյնովին ուղեկցությամբ տեղափոխել են Ադրբեջանի դեսպանատան շենք։
Ըստ Հուսեյնովի զինակից, պահեստազորի գնդապետ Ազայ Քերիմովի հայտարարության՝ նրան ձերբակալել են Հայաստանի պահանջով, քանի որ նա գտնվում է հայկական կողմի հետախուզման մեջ։ Ալեն Ղուլյանը նշում է, որ եթե նրան իրոք ձերբակալել են Հայաստանի հարցմամբ, որոնման իրավական հիմնական հիմքը, ամենայն հավանականությամբ, Արցախի Մարտունու շրջանի խաղաղ բնակիչ Ռուբիկ Բաբաջանյանի դաժան սպանության գործն է։
1993 թվականի հունիսի 12-ին Արցախի Մարտունու շրջանի «Մուղանլու» տարածքում Իբադ Հուսեյնովը դաժանաբար սպանել է Մարտունի քաղաքի բնակիչ Ռուբիկ Բաբաջանյանին, գլխատել նրան և լուսանկարվել կտրված գլխով։ Այս հանցագործության փաստով Արցախում ժամանակին քրեական գործ էր հարուցվել։ Ադրբեջանական ռեժիմը հետագայում Հուսեյնովին դասեց «ազգային հերոսների» շարքին, քանի որ նա հրապարակավ պնդում էր, թե իբր նույնացրել և վերացրել է լեգենդար հրամանատար Ավոյին (Մոնթե Մելքոնյանին)՝ խաղաղ բնակչի գլխատված կադրերը ներկայացնելով որպես «ապացույց»։ Ընդ որում, հենց Ադրբեջանում ևս Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից շատերը նրան կեղծ հերոս են անվանում։
Հասարակական գործիչը դիմում է լրագրողներին՝ խնդրելով Հայաստանի իրավապահ մարմիններից ճշտել, թե արդյոք Իբադ Հուսեյնովը անցնում է Արցախի խաղաղ բնակիչների դեմ իրականացված քրեական գործերով, գտնվում է արդյոք միջազգային հետախուզման մեջ, և արդյոք Վրաստանի ոստիկանությունից տեղեկություն ստացվել է նրան ձերբակալելու վերաբերյալ։ Ղուլյանը նաև հարց է բարձրացնում, թե ինչ հիմքով է ձերբակալված անձը ազատ արձակվել և հանձնվել Ադրբեջանի դեսպանատանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում