Ալիևը մերժել է Էրդողանի անձնական հրավերը. ի՞նչ է կատարվում Բաքվի և Անկարայի միջև

Ալիևը մերժել է Էրդողանի անձնական հրավերը. ի՞նչ է կատարվում Բաքվի և Անկարայի միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցները։

Պաշտոնական պատճառաբանության համաձայն՝ Ալիևի բացակայությունը պայմանավորված է Բաքվում նախապես ծրագրված միջոցառումներով և աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկով։

Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում անձամբ հրավիրել էր Ալիևին մասնակցելու գագաթնաժողովին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 30-ին Բաքվում նախատեսված են ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչ հանդիպումն ու փակման պաշտոնական արարողությունը։ Ալիևի մասնակցությունը պարգևատրման արարողությանը նախապես ծրագրված է եղել։

Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ՝ գագաթնաժողովում երկիրը կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Հատկանշական է, որ Ալիևի՝ գագաթնաժողովին չմասնակցելու մասին տեղեկությունը տարածվում է թուրք-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածության ֆոնին։

Վերջին օրերին Թուրքիայում ակտիվացել է Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունը։ Մասնավորապես, Թուրքիայի իշխանամետ կրոնական և պահպանողական շրջանակները դժգոհություն են արտահայտում Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների կապակցությամբ՝ դրանք համեմատելով Թուրքիայում նախկինում կիրառված խիստ աշխարհիկ քաղաքականության հետ։

Ավելին, օրերս պաշտոնից ազատվել է Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալը, որը քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին հիջաբի հարցի առնչությամբ։

Թուրքական որոշ շրջանակներում դժգոհության պատճառ են դարձել նաև Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ և Բաքվի դիրքորոշումը միջազգային մի շարք հարցերում։

Ի պատասխան՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, և կրթական քաղաքականությունը քաղաքական շահարկումների առարկա դարձնելն անընդունելի է։

Ադրբեջանի իշխող կուսակցությունն էլ թուրք քաղաքական գործիչներին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում