Մարգուլան Սեյսեմբայը Երևանում. գործարար կապերի ուժն ու նոր հնարավորությունները

Մարգուլան Սեյսեմբայը Երևանում. գործարար կապերի ուժն ու նոր հնարավորությունները

Նոյեմբերի 8-ին Երևանի Prime Hall-ում «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնությամբ կայացել է ղազախ գործարար և ներդրող Մարգուլան Սեյսեմբայի հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ «Ինչպես կառուցել կապեր, որոնք ուժեղացնում են ազդեցությունը, կարիերան և բիզնեսը» թեմայով միջոցառման գլխավոր հովանավորը «Ֆլեշ» ընկերությունն էր։

Հանդիպմանը մասնակցել են ձեռներեցներ, ներդրողներ, ընկերությունների ղեկավարներ և տարբեր ոլորտների մասնագետներ։ Քննարկումների առանցքում էին գործարար հարաբերությունների ձևավորումը, վստահության ամրապնդումն ու երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները։

Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթ են ունեցել «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանն ու «Ֆլեշ» ընկերության համասեփականատեր և գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը։

Վահրամ Միրաքյանը կարևորել է միջազգային փորձի փոխանակումն ու գործարար համայնքի զարգացումը։ ««Մանթաշյանց»-ի հիմնական խնդիրներից մեկը հնարավորինս շատ կրթական միջոցառումներ կազմակերպելն է, որպեսզի բիզնեսները կարողանան զարգանալ։ Այդ ճանապարհին մենք մեծ կարևորություն ենք տալիս միջազգային հայտնի բանախոսներին Հայաստան հրավիրելուն, որպեսզի հայ գործարարներն իրենց հետ շփվելու, իրենցից գիտելիք ստանալու, կրկին ոգևորվելու նոր հնարավորություններ ունենան», — ասել է բիզնես ակումբի ղեկավարը։ Միրաքյանի խոսքով՝ նման հանդիպումները հայ ձեռներեցներին հնարավորություն են տալիս ծանոթանալու միջազգային գործարար փորձին, ընդլայնելու համագործակցության շրջանակը և բացահայտելու սեփական բիզնեսի զարգացման նոր հեռանկարներ։

«Ֆլեշ» ընկերության համասեփականատեր և գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը ևս կարևորել է նման միջազգային հանդիպումների դերը Հայաստանի գործարար միջավայրի զարգացման գործում։ ««Ֆլեշ» ընկերությունում արդեն երկու տարուց ավել է մենք որդեգրել ենք «Կայզեն» մշակույթը, որն իրենից ենթադրում է անընդհատ կատարելագործել պրոցեսները, տեխնոլոգիաները և մարդկանց։ Նման միջոցառումներն օգնում են մարդկանց լսել նորը, տիրապետել աշխարհում կիրառվող նոր գործիքակազմին, սովորել և նոր հմտություններ ձեռք բերել», — ասել է Սանասար Բեգլարյանը։

Երեկոյի գլխավոր բանախոս Մարգուլան Սեյսեմբայը ներկայացրել է իր գործարար փորձն ու մոտեցումները՝ անդրադառնալով ժամանակակից բիզնեսում մարդկային հարաբերությունների, փոխադարձ վստահության և ռազմավարական կապերի նշանակությանը։ Հանդիպման առանցքային գաղափարներից էր այն, որ արդյունավետ գործարար կապերը չեն սահմանափակվում նոր ծանոթություններով․ դրանց արժեքը ձևավորվում է ընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության և երկարաժամկետ համագործակցության շնորհիվ։

Սեյսեմբայը տարբեր տարիներին հիմնադրել և բաժնետեր է եղել հեռահաղորդակցության, կրթության, գյուղատնտեսության ու ֆինանսների ոլորտներում գործող խոշոր ընկերություններում։ Այսօր նա զարգացնում է Allosta AI-first էկոհամակարգը, որը միավորում է կրթական, ներդրումային և խորհրդատվական ուղղությունները։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու բանախոսին և քննարկելու վստահելի հարաբերությունների կառուցման, գործընկերների ընտրության ու գործարար կապերը նոր հնարավորությունների վերածելու մոտեցումները։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում