Արմեն Աշոտյան. Նոր Սահմանադրությունը փակում է Հայաստանի ճանապարհը դեպի ԵՄ

Արմեն Աշոտյան. Նոր Սահմանադրությունը փակում է Հայաստանի ճանապարհը դեպի ԵՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սահմանադրության նոր նախագծին և պնդել, որ այն փակում է Հայաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու հեռանկարը։ Իր գրառման մեջ նա մասնավորապես գրել է. «Սահմանադրության նոր նախագծում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ներառել Եվրամիությանն անդամակցելու ձգտման մասին որևէ դրույթ, այլև գրել է այնպիսի բաներ, որոնք ընդունվելու դեպքում ընդհանրապես բացառելու են Հայաստանի երբևէ ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը»։

Քաղաքական գործիչը մատնանշել է նախագծում տեղ գտած մի շարք փոփոխություններ՝ դատաիրավական համակարգի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման, դատավորների վեթինգի, օրենքին հետադարձ ուժ տալու և քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք բացակայում են գործող Սահմանադրությունում և չեն համապատասխանում Եվրոպական միության չափանիշներին։ Նրա գնահատմամբ՝ նման կարգավորումների ընդունման դեպքում ԵՄ-ն Հայաստանին կմերժի, քանի որ անդամակցության գործընթացը ենթադրում է քաղաքական, տնտեսական և իրավական երեք խմբերում ամփոփված Կոպենհագենյան չափանիշների ու 35 բանակցային ուղղությունների պահանջների կատարում։

Աշոտյանը նշել է, որ անդամակցության հավակնող երկրները պարտավոր են ներքին օրենսդրությունը, տնտեսությունն ու քաղաքական համակարգը համապատասխանեցնել այդ չափանիշներին, ինչի պատճառով Բալկանյան երկրները, Թուրքիան, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը տարիներ շարունակ սպասում են հերթում։ Մինչդեռ Հայաստանում, ըստ նրա, ստեղծվել է հակառակ իրավիճակը, երբ մի կողմից հրապարակավ հայտարարվում է ԵՄ հայտ ներկայացնելու մասին, մյուս կողմից՝ սահմանադրական նախագծում ներառվում են եվրոստանդարտներին հակասող ձևակերպումներ, որոնք փակում են այդ ուղին և մոլորեցնում հասարակությանը։

Իր խոսքի եզրափակիչ հատվածում Աշոտյանը նախագիծը բնութագրել է ոչ միայն ալիևյան և հակահայկական, այլև բացահայտ հակաեվրոպական՝ շեշտելով. «Անկախ նրանից՝ արդարադատության ոլորտի պատասխանատուները վախեցել են սա ասել Փաշինյանին, թե ամեն ինչ արվում է գիտակցված, փաստը մնում է փաստ. ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը»։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում