Բախումներ «Բեշիկթաշ»-ի խաղում. Բաթումի միջադեպը դիվանագիտական արձագանք է առաջացրել

Բախումներ «Բեշիկթաշ»-ի խաղում. Բաթումի միջադեպը դիվանագիտական արձագանք է առաջացրել

Բաթումում «Բեշիկթաշ»-ի երկրպագուների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով երեք ոստիկան վիրավորվել է, իսկ 16 մարդ ձերբակալվել։ Ինչպես հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, միջադեպը գրանցվել է նոյեմբերի 26-ին՝ «Բեշիկթաշ»-ի և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հանդիպման ժամանակ։ Տեղի ունեցածի պատճառների շուրջ վրացական ոստիկանությունն ու թուրքական կողմը տարբեր գնահատականներ են հնչեցրել։

Վրաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ երկրպագուների մի մասը մարզադաշտի ճանապարհին խախտել է հասարակական կարգը, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և դիմադրություն ցույց տվել։ Բախումները շարունակվել են մարզադաշտում, որտեղ վնասվել են նստատեղերը և տարբեր առարկաներ են նետվել ոստիկանների ուղղությամբ։ Նախարարությունը հերքել է, թե իրավապահների գործողությունները պայմանավորված են եղել պաղեստինամետ դրոշների կամ պաստառների ցուցադրմամբ՝ պնդելով, որ միջադեպը սկսվել է դեռ մարզադաշտ տանող ճանապարհին։

Իրավիճակի կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անկարան հետևում է զարգացումներին և կապի մեջ է վրացական իշխանությունների հետ՝ թուրք երկրպագուների իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու նպատակով, իսկ Ֆիդանը մտահոգություն է հայտնել ուժի կիրառման առնչությամբ։ Վրացական ոստիկանության գործողությունները դատապարտել են նաև Թուրքիայի «Գալաթասարայ», «Ֆեներբահչե» և «Տրաբզոնսպոր» ակումբները։

Բախումների պատճառով նոյեմբերի 26-ին ընդհատվել էր Եվրոպա լիգայի «Բեշիկթաշ»–«Հապոել Բեեր Շևա» հանդիպումը։ Խաղն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Ստամբուլում, սակայն Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ UEFA-ն, անվտանգության նկատառումներով այն տեղափոխել էր Վրաստան, մինչդեռ լրատվամիջոցները միջադեպի պատճառ էին նշել Պաղեստինի դրոշը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում