Հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»

Հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։ Դրանով սահմանվում է պետության կողմից հանրային բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման միասնական, հասցեական և թվայնացված կարգ։ Այսպես՝ կներդրվի բազային կրթաթոշակային միավոր (այսուհետ B), այն է՝ կրթաթոշակների չափերը հաշվարկելու համար կիրառվող միավոր, որը հավասար է 50000 դրամի։ Նախատեսվում է մի քանի համակարգերի ներդրում:

Մեկնարկի կրթաթոշակ. հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունված Հայաստանի քաղաքացիներին (ինչպես նաև փախստականներին և արտակարգ իրավիճակում հայտնված երկրներից տեղափոխված օտարերկրացիներին) տրամադրվում է ուսման առաջին տարվա վարձի լրիվ (100 տոկոս) փոխհատուցում։

Հասցեական սոցիալական աջակցության բազմաշերտ համակարգ. երկրորդ և հաջորդ ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցումը (25 տոկոսից մինչև 100 տոկոս) կապվում է բավարար առաջադիմության և սոցիալական կարգավիճակի կամ ընտանիքի եկամտային երեք մակարդակների հետ՝ միաժամանակ տրամադրելով ամսական սոցիալական ակադեմիական կրթաթոշակ (բազային միավորի՝ 50000 դրամի 0,6-ից մինչև 1,0 գործակցի չափով)։

Կեցության և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում. սոցիալական աջակցության I–III մակարդակներին համապատասխանող ուսանողներին տրամադրվում է կեցության աջակցություն (ամսական մինչև 70000 դրամ՝ կացարանի կամ մասնավոր բնակարանի վարձակալության համար, եթե բնակավայրը հեռու է առնվազն 20 կմ) և տրանսպորտային աջակցություն (Երևան քաղաքի հանրային տրանսպորտի տարեկան աբոնեմենտ)։

Թվայնացում և հստակ ֆինանսական վարչարարություն. կրթաթոշակների կառավարումն իրականացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թվային համակարգի միջոցով՝ տվյալների ինքնաշխատ նույնականացմամբ և բուհերի հետ կնքվող տարեկան ֆինանսավորման պայմանագրերի ճշգրտման մեխանիզմով։

Առաջադիմության և առաջնահերթ ծրագրերի խրախուսում. ներդրվում է ՄՈԳ-ի նորմավորված վարկանիշային սանդղակ՝ ուսման վարձի 25 տոկոսից 100 տոկոս փոխհատուցմամբ: Պետության համար առաջնահերթ մասնագիտությունների գծով կիրառվում է փոխհատուցման ավելի լայն ծածկույթ (բավարար առաջադիմությամբ բոլոր ուսանողների համար)։

Դոկտորական (երրորդ մակարդակի) և ձեռքբերումների կրթաթոշակներ. Դոկտորանտների համար սահմանվում է ամսական կրթաթոշակ, որի հիմնական չափը ամսական 150 000 դրամ (3 × B) է, իսկ կառավարության հաստատած գիտատեխնոլոգիական կամ հայագիտական առաջնահերթ ուղղությամբ՝ ամսական 200 000 դրամ (4 × B)։ Ուսման վարձի կրթաթոշակային տեղը կարող է տրամադրվել առանձին։ Նպատակային և միջազգային կրթաթոշակներ. Միջազգային կրթաթոշակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ մասնագիտություններով օտարերկրյա բուհերում բարձրագույն կրթություն ստանալու և ձեռք բերված որակավորումը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու նպատակով (Հայաստանում աշխատելու պարտավորություն և չկատարված պարտավորությանը համամասնական վերադարձի մեխանիզմ)։

Նպատակային կրթաթոշակի տրամադրման համատեքստում կանոնակարգվում է գործատուների հետ համաֆինանսավորմամբ (պետական մասնակցությունը՝ մինչև 50 տոկոս, առաջնահերթ ուղղություններով՝ մինչև 70 տոկոս): Սահմանվում է նաև ընդհանուր հիմունքներով բուհ ընդունված (հայերենին տիրապետող) օտարերկրյա ուսանողների խրախուսական կրթաթոշակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում