Հերոսների սերնդափոխություն. 20 տարի անց հայկական բանակն ապացուցեց իր լինելիության իրավունքն ու կարողությունը.Times.am-ի պաշտպանական ամփոփագիրը

2014-ին՝ հրադադարից 20 տարի անց, հայկական բանակը  (ՀՀ ԶՈՒ, Արցախի ՊԲ) ստիպված էր ապացուցել իր լինելիության իրավունքն ու կարողությունը: Իհարկե, սահմանին կանգնած հայ զինվորը, հայ սպան ամեն ժամ, ամեն օր է գոյության քննություն  հանձնում և դա անում է գերազանց, բայց այս տարի բաժին ընկած  քննափորձությունը շատ էր բարդ, եթե չասենք՝ հրադադարի հաստատումից հետո ամենաբարդը. հակառակորդը ձախողելով դիպուկահարային պատերազմում անցավ հետախուզադիվերսիոն դաշտ՝ որդեգրելով ըստ էության, անկանոն պատերազմի մարտավարություն:

Եվ այսպես՝  2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում  հակառակորդի դիվերսիոն խմբերը ձեռնարկում են ներթափանցման միաժամանակյա փորձեր։ 

Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցնում են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառում զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտելով  իր ելման դիրքերը։ Ցավոք, բռնկված փոխհրաձգության ժամանակ հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրն արիաբար կատարելիս  զոհվում է ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանցիների հատուկ պատրաստված ջոկատայինների թիվը հասնում էր 45-ի՝ երկու ուղղություններում միասին վերցրած: Իսկ հայկական կողմից եղել են ժամկետային զինծառայողներ` 9 հոգի: Բնականաբար, այս դեպքին հետևում են պատասխան այլ գործողություններ, ինչի արդյունքում մի որոշ ժամանակ թշնամին լռում է:

Մայիսին ադրբեջանական կողմը դարձյալ նախաձեռնում է դիվերսիոն ներթափանցման փորձ, մասնավորապես՝  մայիսի 28-ի գիշերը ադրբեջանական բանակի դիվերսիոն հետախուզական խումբը փորձում է  հատել արցախա-ադրբեջանական սահմանը և ներթափանցել Հադրութի շրջան՝ դիվերսիա  իրականացնելու նպատակով: Սակայն, դիվերսիոն փորձը  կանխվում է  և  ոչնչացվում  ադրբեջանական  բանակի  մոտ 5 դիվերսանտ: Դժբախտաբար, այստեղ հայկական կողմը տալիս է մեկ զոհ՝ ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյան, ավելի վաղ հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհվել էր փոխգնդապետ  Գարիկ Բալայանը:

Հայկական զինուժի բացված թիկունքը. Երասխի դեպքն անպատասխան չմնաց

Օրեր անց` հունիսի 5-ին,  ադրբեջանական կողմը սանձարձակ  պահվածք է  դրսևորում արդեն հայ-ադրբեջանական սահմանին, այն էլ Նախիջևանի ուղղությամբ, որը համարվում է  համեմատաբար անվտանգ հատված: Թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով  զոհվեցին  ՀՀ զինված ուժերի երկու զինծառայող:

Անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվել էր առանձին զորամիավում, որը կոչվում է «Առանձին համազորային բանակ»։ Թե որոնք են դրա գործառույթները՝ հստակ չէ։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս առիթով ասել էր, որ համազորային բանակի ձևավորման ընթացքում հայկական կողմը միշտ տեղեկություն է ունեցել Թուրքիայի կողմից աջակցության, այդ տարածքում վարձկանների, փոքր ստորաբաժանումների առկայության մասին:

Ինչևէ, թուրք-ադրբեջանական գործոնով  պայմանավորված այս միջադեպին հայկական կողմի պատասխանը  եղավ այն, որ Հայաստանի զինուժը Նախիջևանի հետ սահմանում վերահսկողության տակ վերցրեց մոտ 100 քառակուսի կիլոմետր տարածք, ինչն ավելի ուշ հաստատեց Ադրբեջանի  ռազմական ղեկավարությունը.«Բայց չէ՞ որ մեկ-երկու մարտական դիրքով խնդիրը չես լուծի»,- ասել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ «ANS» գործակալությանը տված հարցազրույցում։

Հեքիաթ  «ոսկի որոնողների» մասին.  Ադրբեջանցի դիվերսանտների վտանգավոր արկածները  Քարվաճառում

Հուլիսի սկզբին խուճապ տարածվեց, թե Վարդենիս ադրբեջանցի դիվերսանտներ են մտել: Խուճապը սրվեց, երբ լուր ստացվեց 17-ամյա տղայի անհետացման մասին: Ավելի ուշ պարզվեց, որ հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը, Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը և Հասան Հասանովը  կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատել են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը և մտել   Շահումյանի շրջանի վարչական տարածք,  հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ՝ դրանով իսկ կատարելով լրտեսություն, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առևանգել են  անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը  հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Ավելին, Հասան Հասանովը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել էր հայ սպայի՝  ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ նրա հետ եղած ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի  բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ: Հուլիսի 11-ին հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվեցին  Քարվաճառ ներթափանցած դիվերսանտները, որոնցից մեկը՝ Հասան Հասանովը, դիմադրություն ցույց տալու պահին  ոչնչացվեց: Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվեցին, այնուհետ կալանավորվեցին:

Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  մեկնարկեց ադրբեջանական  հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավարությունը:

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի դեմ քրեական գործ է հարուցվել ըստ հետևյալ մեղադրանքների` ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 1-ին մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,103 հոդվածի  2-րդ մասի 3-րդ և 14-րդ  կետերով, 183 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 344 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ` ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Մոտ 10-ն օր առաջ Դատախազ Կ. Գաբրիելյանն առաջարկեց ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման: Իսկ այսօր արդեն  ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվեց ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը:

 Հնգօրյա միկրոպատերազմ. ի՞նչ քանդեց այն սահմանից ներս և դուրս 

Հուլիսին դրսևորված ադրբեջանական ագրեսիան վերածվեց միկրոպատերազմի, մասնավորապես՝  ըստ  ԼՂՀ ՊԲ-ի  տարածած դիվերսիոն գործողությունների ժամանակագրության՝

– Հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել.

– Նույն օրը` Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության անհաջող փորձն  ավարտվել է 1 զոհով ու վիրավորներով.

– Հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը ոչնչացրել են  2 դիվերսանտի.

– Պաշտպանության բանակի կողմից օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ասկերանի ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր, սեփական ուժերով  փախուստի է  դիմել 10 զինվորից միայն 3-ը.

-Նույն ժամանակահատվածում /օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը/ Մարտակերտի ուղղությամբ հետախուզադիվերսիոն գործողություն ձեռնարկած հակառակորդի շուրջ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր.

– Նույն օրը` Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը ոչնչացրել է 3 ադրբեջանցու,  4-ին` վիրավորել.

– Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի  վիրավոր:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը եղել է  5,  վիրավորներինը՝ 7:

Սրանից հետո հակառակորդը շարունակեց դիվերսիոն ներթափանցման փորձերը և արդեն օգոստոսի 6-ին հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ հայկական ստորաբաժանումներն այդ օրերին ՀՀ-ի և Արցախի սահմանին  կանխել են 20-ից ավելի դիվերսիա կամ դիվերսիոն փորձ:

Եվ  հաշվի առնելով թշնամու ակտիվությունը նաև ՀՀ-ի սահմանին և  խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ՀՀ-ի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ամեն պատեհ առիթի լրագրողները հարցնում էին, թե  ինչո՞ւ  ՀԱՊԿ-ն իր անդամ երկրին պաշտպանելու  համար ոչինչ չի անում,  նախարարն էլ ամեն անգամ պատասխանում.«ՀԱՊԿ-ի աջակցության կարիքը Հայաստանը չունի»:

Ավելին, մեկ  անգամ  նախարարը նույնիսկ նկատեց, թե ինչ բանակ, որ չկարողանա նման դեպքերում իր առջև դրված խնդիրները կատարել, երբ նրան տեղեկացրեցին, թե ՀԱԿՊ-ից ասում են, որ օգնության համար  որևէ գրավոր  առաջարկ չեն ստացել ՀՀ-ից:
«Նման առաջարկ մեր կողմից կլինի միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում»,-շարունակեց նախարարը:

Եվ, իսկապես, իրադարձությունների զարգացումը, ընթացքը, ելքը և հակառակորդի կորուստների գերազանցող թիվն ու  էլի որոշ հանգամանքներ ցույց տվեցին, որ ՀՀ ԶՈՒ-ն և Արցախի ՊԲ-ն ի վիճակի են առանց որևէ երրորդ ուժի՝ մարտական ոգու և պատրաստվածության շնորհիվ,  ինքնուրույն լուծել անվտանգության հետ կապված առկա խնդիրները և հակառակորդին խաղաղություն պարտադրել: Այլ հարց է, որ նախարար Օհանյանը  սխալ համարեց  այդ լարված պահին ՀԱՊԿ-ի լռությունը.

«Ինչ վերաբերում է իրավիճակի  դատապարտմանը և ճիշտ գնահատական տալուն, ապա սա պետք է վերաբերի ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև բոլոր կազմակերպություններին, բոլորը պետք է սթափ գնահատեն  իրավիճակը և դատապարտեն Ադրբեջանին»:

Եթե  հիշենք այդ օրերին ռուս որոշ փորձագետների ակնարկները խաղաղապահների տեղակայման մասին, ապա  տողատակում  միանգամայն հասկանալի է ՀԱՊԿ-ին չդիմելու  որոշումը. սա գուցե ով գիտե դուռ բացեր…

Անդրադառնանք այն հարցին, թե  ի՞նչ քանդեց  հուլիս-օգոստոսյան մինի պատերազմը սահմանից ներս և դուրս և ինչ կառուցեց:

1. Օգոստոսյան իրադարձությունները ջախջախեցին ադրբեջանական իշխանությունների ձևավորած  միֆը և  հասարակությունը համոզվեց, որ այն, թե իրենք կարող են զենքի ուժով լուծել ղարաբաղյան հարցը, իրականում  միֆ է, լեգենդ:

2. Սա ըստ էության, մեսիջ էր նաև մեր դաշնակիցներին,  միջազգային հանրությանը, առ այն, որ անատամ հայտարարությունները նպաստում են իրավիճակի լարմանը, որ Ադրբեջանը միայն ուժի լեզուն է հասկանում, որ հայկական կողմը տիրապետում է ուժային մեթոդների, բայց կողմնակից է խաղաղության և չնայած պատժիչ գործողություններին, եթե չլիներ հայկական կողմի սառը և սթափ դատողությունը, ապա իրավիճակը դուրս կգար վերահսկողությունից:

Ի դեպ, հուլիս-օգոստոսյան դեպքերից հետո ռուս ռազմագետ-փորձագետներն անձամբ հաստատեցին ասվածը: Օգոստոսյան դեպքերից հետո՝ օգոստոսի 14-ին,  Երևանում հրավիրված հանդիպմանը ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի  բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ևս  արձանագրեց ՀՀ և  Արցախի ԶՈւ-ի պատրաստվածության և  գրագիտության  բարձր  աստիճանն՝  ուշադրություն հրավիրելով  այն փաստի վրա, որ հայկական կողմի ժամկետային  զինծառայողների դեմ դուրս էին եկել որոշ պետությունների կողմից հատուկ   պատրաստված պրոֆեսիոնալներ:
«Հակառակորդի դիվերսիոն գործողությունները հաջողվեց կանխել, քանի որ առաջնագծում կանգնած զինվորն ամուր մնաց իր դիրքերում և կարողացավ սպաների կողմից տրված խնդիրներն արագ լուծել: Երկրորդ՝ բավական լավ աշխատեց հայկական կողմերի հետախուզությունը: Եվ որ ամենակարևորն է՝ հայկական կողմը չտրվեց ադրբեջանական ավանտյուրաներին և չչարաշահեց իր ռազմատեխնիկական հնարավորությունները, այսինքն՝ զինտեխնիկայի քանակի ավելացման չգնաց, ինչն ավելի մեծ բախումների կբերեր՝ ընդլայնելով հակամարտության գոտին»,-շեշտեց Եվսեևը:

3. Մինի-պատերազմը հերթական անգամ ցույց տվեց, որ բանակը կայացած կառույց է և  անհրաժեշտության դեպքում  կարող է նույնիսկ  արտաքին քաղաքական խնդիրներ կատարել, եթե ժամանակի կորստի հարց կա:

4. Հերթական անգամ հաստատվեց, որ մենք կարողանում ենք  համախմբվել, երբ վտանգը շատ մոտ ենք զգում, ինչի վկայությունն արցախյան պատերազմով անցած կամավորականներից բաղկացած ջոկատների մեկնումն էր դիրքեր, որոնց մեջ վստահ եմ, որ տարբեր քաղաքական հայացքների մարդիկ կային, որոնք իրենց խնդիրների չլուծման հետ կապված դժգոհություններ ունեին: Լարված իրավիճակը համախմբեց նաև քաղաքական տարբեր ճամբարներում գտնվող ուժերին և անհատներին: Այլ հարց է, որ երբեմն ականատեսն եղանք PR ակցիաների, բայց այս դեպքում խոսքը համախմբվելու երևույթի մասին է, որը հօդս է ցնդում, ցավոք, երբ վտանգը հեռվանում է:

5. Եթե Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների դեպքում  հայկական լրատվադաշտում նկատվեց ավելորդ և  վտանգավոր շտապողականություն, ավելին, համագործակցություն ասես չկար ՀՀ-ի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների միջև, ապա  միկրոպատերազմի օրերին նկատվեց հստակ կազմակերպվածություն և ավելորդ շտապողականությամբ չվնասելու պատրաստակամություն,  այսինքն՝ լրատվադաշտը բերվեց մի նոր մակարդակի:

6. Հուլիս-օգոստոսյան դեպքերը և դեռ ավելի վաղ՝  հունվարի 20-ի դիվերսիան ակնհայտ դարձրեց մի բան՝ հասարակությունը նոր հերոսների կարիք ունի և հերոսների սերնդափոխությունը տեղի ունեցավ՝ Արմեն Հովհաննիսյան, Ազատ  Ասոյան, Արարատ Խանոյան և…նաև ի դեմս այն  հերոս տղաների, որոնք այսօր մեր կողքին են: Ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, այսօր պատերազմական այլ իրականության մեջ ենք և հրադադարից հետո ծնված երիտասարդին կամ պատանուն պետք է այսօրվա հերոսի օրինակով դաստիարակել  նաև, որ իր համար առավել ընկալելի լինի: Երբ Ադրբեջանը խոսում է իր չհերոս Մուբարիզից, Սաֆարովից և նրանց նմաններից, մենք պետք է հակադարձենք մեր նորօրյա հերոսներով՝ Արմեն Հովհաննիսյան, Ազատ  Ասոյան, Արարատ Խանոյան, Սարգիս Մովսիսյան, Նորայր Քամալյան և…, ինչն ակնհայտ է դարձնում  մեր և թշնամի պետության արժեհամակարգային տարբերությունը: Երկրորդ՝ այստեղ պետք է մեկ այլ՝ ներքին հանգամանք տեսնել, այն է՝ ամեն ինչ շատ ավելի բաց է և չկռվողը կամ 0 արդյունք ցույց տվածը չի կարող հերոսացվել: Սա երկար խոսելու թեմա է,  որին, թերևս, առանձին անդրադարձ լինի:

Երկու  հայկական պետությունների համատեղ  ռազմական «Միասնությունն» ու դրանից  ջղաձգված  Ադրբեջանի օդային ահաբեկչությունը 

 Նոյեմբերի 6-ին  Արցախում մեկնարկեցին ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ-ի համատեղ «Միասնություն 2014» օպերատիվ մարտավարական լայնածավալ զորավարժությունները, որին ներգրավված էին ՀՀ զինված ուժերի ավելի քան 17.000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1200 ավտոմեքենա:

ԼՂՀ ՊԲ-ն զորավարժությանը ներկայացել էր ավելի քան 30.000 զինծառայողով, այդ թվում՝ զորահավաքային ռեսուրսից, 1550 միավոր հրետանային միջոցներով, 600 միավոր զրահատեխնիկայով, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, այդ թվում՝ Ս-10ՄԱ ԶՀՀ-ներ, 1300 միավոր հակատանկային միջոց, 160 միավոր հատուկ տեխնիկայով և ավելի քան 3000 ավտոմեքենայով:

Թիկունքում  ունենալով  օգոստոսյան խայտառակ  պարտությունը և հիմա  լայնամասշտաբ  այս  զորավարժությունը,  Ադրբեջանն իրեն հատուկ գործելաոճին համաձայն  այս անգամ օդային ագրեսիայի դիմեց, որն ավելի տեղին է անվանել՝ ահաբեկչություն: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվեց  ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Մոտ 10-ն օր ադրբեջանական կողմը կրակի տակ պահեց խոցման վայրը՝ թույլ չտալով հայկական կողմին մոտենալ ուղղաթիռին: Բնականաբար, այս անգամ ևս անտեսվեցին  Մինսկի խմբի համանախագահների և միջազգային մյուս կառույցների կոչերը՝  չկատարելով   Ժնևյան կոնվեցիայի և մարդասիրական իրավունքի պահանջները:  Հաշվի առնելով այս  իրողությունը, հայկական  կողմը  դիմեց հատուկ գործողության, որն իրականացրեց 4 հոգանոց հատուկ ջոկատը: Վերացնելով հակառակորդի  պատրաստած ծուղակը, և  պատճառելով կորուստներ, ուղղաթիռի խոցման վայր ուղարկված հատուկ ջոկատայինները դուրս բերեցին ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի մարմինը, մյուս երկուսի մասունքները, ինչպես նաև ուղղաթիռի կարևոր մասերը: Զոհված օդաչուներն էին՝ հրամանատար,  մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: 

 Լարված  տարի՝  գերիների հայրենադարձման առումով

Հունվարի 28-ին ադրբենական կողմում է հայտնվում Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, առողջական խնդիրներ ունեցող ծեր մարդուն ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես դիվերսանտ: Խոջոյանը  միայն մարտի 4-ին է Հայաստան վերադարձվում, իսկ ամիսներ հետո մահանում ենթարկված սարսափելի բռնությունների և վառելիքի ներարկման հետևանքով առողջության վատթարացումից:  Մարտի 7-ին  ադրբեջանական  գերության մեջ է հայտնվում  Մամիկոն Խոջոյանի բարեկամը՝  Արսեն Խոջոյանը և մոտ մեկ ամսից վերադառնում  հայրենիք՝ հրաժարվելով երրորդ երկիր տեղափոխվելու առաջարկից:

Օգոստոսի 7-ին մոլորվում և հայ-ադրբեջանական սահման է  հատում  Չինարիի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը, ով նախ ներկայացվեց «չայ խնդրող», այնուհետ որպես դիվերսանտ: Օգոստոսի 8-ին  Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն արդեն  հայտարարություն տարածեց, թե  Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ է եղել»: Վերջինի դին հայկական կողմին է հանձնվում հոկտեմբերի 10-ին: Օգոստոսին 26-ին հայ-ադրբեջանական սահմանն է հատում  Նոյեմբերյանի բնակիչ  Սարգիս Անանյանը ՝ ծնված 1961թ, ով  սեպտեմբերի 25-ին վերադարձվում է:

Անցնող տարվա այս ոլորտի ուշագրավ իրադարձություններից էր Հակոբ Ինջիղուլյանի վերադարձը: 2013-ի օգոստոսի 8-ին զինծառայող  Հակոբ Ինջիղուլյանը Աղդամի հատվածում  մթության  պատճառով  չկողմնորոշվելով  տեղանքում  հայտվել էր ադրբեջանական գերության մեջ և միայն այս տարվա հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հաջողվեց նրան միջանկյալ գոտուց վերադարձնել հայրենիք: 5 տարի Ադրբեջանում պահվելուց հետո հայրենադարձվեց նաև  հինգ հոգանոց ընտանիքը:

2010 թվականին Հայաստանի քաղաքացի 51-ամյա Եղիշե Գեւորգյանը կնոջ և երեք անչափահաս` 3, 6 և 7 տարեկան երեխաների հետ «Երազ» ավտոմեքենայով՝ չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին, ճեղքել էր հայ- ադրբեջանական սահմանին տեղակայված արգելափակոցները, և հատելով սահմանը, ադրբեջանական կողմից ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթի ներքո անցել Նախիջեւանի տարածք:

Այս պահին Ադրբեջանում է գտնվում օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած ԼՂՀ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի  Բաղդասարյանը: Times.am -ի տեղեկություններով՝ մոտ օրերս տեղի էր ունենալու  Արսեն Էդուարդի  Բաղդասարյանի դատը,  ինչն էլ նրան ստիպել է փախուստի դիմել և  հայտնվել ադրբեջանական կողմում:

Ի դեպ, ԼՂՀ ՊԲ-ի տարածած հաղորդագրությունում խոսվում է այն մասին, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը հանդիսանալով պաշտպանության  բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական  տեղակայման վայրը, որի համար  հրամանատարության որոշմամբ, կարգապահական  խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Հաղթանակներ  սահմանից դուրս՝  հայ տանկիստները «Տանկային բիաթլոն-2014»-ում

Օգոստոսի 4-ից 16-ը մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում անցկացվեց «Տանկային բիաթլոն-2014»-ը, որտեղ  իրենց ուժերն էին չափում 12 երկրի, այդ թվում  և Հայաստանի տանկային լավագույն անձնակազմերը: Թիմային պայքարի հաշվարկով Հայաստանը ներկայացնող տանկիստները մրցույթում գրավեցին երկրորդ  տեղը՝ որպես մրցանակ ստանալով 1 միավոր Տ-90Ս տանկ: Այս հաղթանակն ապացույց էր, որ հայկական զինուժը ոչ  միայն սպառազինություն ունի, այլև այն օգտագործելու մարդկային ռեսուրս և կարողություն:

Միջազգային  խաղաղապահ  նոր առաքելություն

Անցնող տարում ՀՀ ԶՈՒ-ն ընդլայնեց խաղաղապահ առաքելության աշխարհագրությունը. հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում՝ իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն է  իրականացնում  Լիբանանում: Ի դեպ, որոշում է կայացվել, որ  հայկական ստորաբաժանումը  Աֆղանստանում կշարունակի խաղաղապահ իր առաքելությունը:  Հիշեցնենք, որ Աֆղանստանում հայ խաղաղապահների  գործունեության ժամկետը լրանում է 2014թ.  դեկտեմբերի 31-ին: Այս պահին  Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն է իրականացնում  121 զինծառայող:

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում