Լիլյա և Սվետա Կարճիկյանները հանրությանը ներկայացրին իրենց նկարները
Նմանատիպ
Մայր և դուստր Լիլյա և Սվետա Կարճիկյանները գարնան առթիվ Հայաստանի նկարիչների միությունում գույների հրավառություն էին ներկայացրել: Մարտի 2-ին արվեստասերները հնարավորություն ստացան մասնակցել համատեղ ցուցահանդեսին և նրանց նկարների միջոցով վայելել գարնան շունչը: Ցուցադրությունն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Նկարչուհի Սվետա Կարճիկյանն ընդգծեց, որ սա Հայաստանում իր առաջին անհատական ցուցահանդեսը չէ:
«Սա երկրորդ ցուցահանդեսն է իմ մայրիկի հետ: Մենք շատ տարբեր ենք՝ մայրիկս նկարում է դասական, իսկ ես ժամանակակից ոճում: Որոշեցինք իրար հետ բացել գարնանային ցուցահանդես և մարդկանց ուրախություն պարգևել: Մայրիկս հիմնականում ծաղիկներ է նկարում: Որոշել էինք ցուցահանդեսն այդ պատճառով վերնագրել «Գարուն», բայց հետո մտափոխվեցինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սվետա Կարճիկյանը: Նա ընդգծեց, որ իրենք հիմնականում արտասահմանում են ցուցահանդեսներ ունենում:
«Իմ գործերից ամեն մեկն իմ կյանքի մի մասն է. ես սիրում կյանքիս այդ հատվածը: Մեր գործերը ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում և այլ երկրներում են ցուցադրվում»,- նշեց նկարչուհին:
Լիլյա Կարճիկյանն էլ հավելեց, որ այստեղ ցուցադրված է իր և դստեր 100-ից ավելի աշխատանք:
ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը մայր և դուստր Կարճիկյանների աշխատանքները բնորոշեց որպես լուսավոր, պայծառ, իրենց նման հմայիչ: «Միշտ չէ, որ նման գեղեցիկ ցուցադրություն ենք ունենում այս ցուցասրահներում: Այստեղ ցուցադրվող շատ նկարներ լի են հոգսերով, տանջանքներով: Ինչպիսի՜ ուրախություն կա նրանց նկարներում: Շատ հետաքրքիր է, որ այս երկու նկարչուհիներն իրենց արվեստում այսքան տարբեր են և այսքան նման»,- նշեց Կարեն Աղամյանը:
Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 8-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում