Գաբրիել Փանոսյանը հանրությանը ներկայացրեց իր աբստրակտ լուսանկարները

Գաբրիել Փանոսյանը հանրությանը ներկայացրեց իր աբստրակտ լուսանկարները

ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մարտի 3-ին Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսան կարների ցուցահանդեսի բացումը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Գաբրիել Փանոսյանը «Արի տուն» ծրագրի միջոցով արդեն 10 տարի է, ինչ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: «Գաբրիելը կարողացել է իր հետ բերել Լիբանանի շունչն ու ոգին և ներկայացնել մեզ համար խիստ կարևոր «Ազդակ» թերթը: Նա իր ամենօրյա աշխատանքով կարողանում է հայկական ոգին հաղորդել ոչ միայն Լիբանանի տարածքում, այլև ամբողջ հայությանը: Բացի այդ` նա նկարում է այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, որպեսզի «Ազդակ»-ը դառնա նաև մեր հայկական իրականության ժամանակագիրը, ինչը շատ մեծ և կարևոր գործ է»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

Լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանը նկատեց, ցուցահանդեսում զետեղված նկարները երեք տարվա աշխատանքի արդյունք են: «Նկարները չեն ենթարկվել համակարգչային ձևափոխման և, ինչպես տեսնում եք, ես հատուկ չեմ վերնագրել նկարները` դա թողնելով դիտողների դատին. յուրաքանչյուրը կարող է իր կարծիքը գրել և թողնել նկարների տակ տեղադրված ծրարներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր նկարիչ, դիզայներ, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սարո Կալենցը նշեց, որ ցուցահանդեսի լուսանկարներում տեսնում է ֆուտուրիստական մոտեցում`շարժման գաղափարով: «Հաճելի է, երբ առօրյա կյանքում մարդը տեսնում է գեղեցիկը, կյանքը որպես երջանկություն, ինչը խոսում է նրա հարուստ ներաշխարհի մասին»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում