«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունեն երկու հրդեհները միմյանց հետ,

Սեպտեմբերի 21-ին’ Հայաստանի անկախության տոնին, Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում հրդեհ բռնկվեց’ այրելով մոտ 300 քմ տարածք: Իսկ դրա հաջորդ օրը դարձյալ հրդեհվեց Երևանի Մելիք Ադամյան փողոցում գտնվող Հայաստանի հանրապետական կուսակցության շենքի տանիքը: «Ժողովուրդը» հիշեցնում է, որ ՀՀԿ-ի տանիքը մեկ անգամ էլ այրվել էր մայիսի 22-ին:
Ի՞նչ կապ ունեն այս հրդեհները միմյանց հետ, ո՞վ է դրանց հեղինակը, եթե չկա այդպիսին, կարո՞ղ էր այդքան պատահականություն միաժամանակ զուգադիպել: Սրանք հարցեր են, որ անցած 3-4 օրերի ընթացքում (ոչ էլ նախորդ հրդեհների մասով) այդպես էլ պատասխան չստացան: ՀՀ-ում չգտնվեց պետական որևէ գերատեսչություն, որ հանձն առներ’ պատասխանելու, թե ինչու է հրդեհը հետապնդում իշխող կուսակցությանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը թերթի հետ զրույցում շտապել է տեղեկացնել, որ երկու հրդեհները փոխկապակցված չեն. «Իրար հետ կապ չունեն: Նվազագույնը 10-15 օր պետք է, որ նախնական տվյալներ լինեն: Փորձագիտություն է նշանակված: Հետազոտությունից հետո պարզ կլինի»: Թերթի հիշեցմամբ’ Հանրապետության հրապարակում այրված փուչիկների’ ամիսներ տևած փորձաքննությունից հետո հայտարարվեց, թե մեղավորը մի քաղաքացի է, որը լիցքավորել է փուչիկները: Ու գուցե իրավապահների’ այլ մեղավորների չփնտրելու ալարկոտությունը պատճառ դարձավ նոր հրդեհների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում