ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայփոստ»-ի մասնավորեցման նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայփոստ»-ի մասնավորեցման նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայփոստ» ՓԲԸ մասնավորեցման մասին օրենքի նախագիծը:  «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկել 61, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 16 պատգամավոր:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց և հայտնեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու: Պատգամավորն առաջարկեց ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կմասնակցի ընկերության մասնավորեցման ողջ գործընթացին:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտնեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Նա նշեց, որ իրենց համար անընդունելի է, որ ռազմավարական տարբեր նշանակություն ունեցող տարբեր ոլորտներ ապապետականացվում են:

Նախատեսվում է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը՝ շնորհիվ ներդրումների, ժամանակակից սարքավորումների եւ տեխնիկայի ներդրման: Նախատեսվում է վերականգնել եւ արդիականացնել ֆիզիկական ենթակառուցվածքները, իսկ աշխատակիցների համար իրականացնել սոցիալական ծրագրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում