Ադրբեջանական SOCAR-ը «Գազպրոմ»-ից խոշոր վարկ է վերցնելու
Նմանատիպ
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) եւ Ռուսաստանի «Գազպրոմբանկ»-ն Ադրբեջանում պոլիպրոպիլենի եւ պոլիէթիլենի արտադրության «SOCAR Polymer» գործարան կառուցելու հետ կապված համաձայնագիր են ստորագրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «APA-Economix»-ը, համաձայնագիրը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրել են «Գազպրոմբանկ»-ի վարչական խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովը եւ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:
Համաձայնագրով «Գազպրոմբանկ»-ի Ներդրումային կոմիտեն «SOCAR Polymer»-ի համար 10 տարի ժամկետով 489 մլն դոլարի վարկ է հատկացրել:
«Մենք նպատակ ունենք երկարաժամկետ ռազմավարական համագործակցություն ստեղծել «SOCAR»-ի հետ եւ «SOCAR Polymer» նախագծի ֆինանսավորումը դիտում ենք որպես այդ համագործակցության հերթական փուլ: Հուսով ենք, որ այս ֆինանսական պայմանագիրը մեր բանկին կընձեռնի SOCAR-ի կողմից կյանքի կոչվող այլ նախագծերում մասնակցելու հնարավորություն», -ասել է Ակիմովը:
«Գազպրոմբանկ»-ի ղեկավարը հավելել է, որ ծրագրվում է ընկերության խմբին պատկանող «Միացյալ մեքենաշինական գործարաններ» հոլդինգի` SOCAR-ի հետ համագործակցությունը եւս:
Իր հերթին «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի հետ Սանկտ Պետերբուրգում ունեցած հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ «Ադրբեջանի ներքին սպառման մեծացման եւ էկոնոմիկայի աճի հետ կապված «Գազպրոմ»-ը պատրաստ է անհրաժեշտ ծավալներով բավարարել գազի ներկրման հանրապետության պահանջարկը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում