Քաղաքական անտարբերությունը` ադրբեջանական ընտրությունների հիմնական բնութագրիչ

Քաղաքական անտարբերությունը` ադրբեջանական ընտրությունների  հիմնական բնութագրիչ

Ադրբեջանում աշնան վերջին ամսվա առաջին օրը նշանավորվեց խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, որից մեծ ակնկալիքներ չկային: Ինչպես նախորդ չորս ընտրությունների ժամանակ այս անգամ էլ սպասվում էր, որ կհաստատվի Ալիևի գլխավորված «Ենի Ազերբայջան» կուսակցության մենիշխանությունը, ինչը որը եղավ: Թերևս միակ անակնկալն այնն էր, որ նման պասիվ ընտրապայքարի պայմաններում իշխող կուսակցությունը չգերազանցեց նույնիսկ նախորդ ընտրություններում ձեռք բերած արդյունքը, որը  լրացվել էր  անկուսակցական, սակայն իշխանահպատակ թեկնածուների հաշվին: Վերջին ընտրությունների արդյունքով Մեջլիսի 125 մեծամասնական տեղերը բաշխվել են հետևյալ կերպ` «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ստացել է 70 մանդատ: Ներկայացնենք նախորդ չորս ընտրություններում այդ կուսակցության արձանագրած ցուցանիշները` 1995թ-59 մանդատ, 2000թ-75, 2005թ-61, 2010թ-74 մանդատ:

2015 թ-ի ընտրություններում բացի ալիևների կուսակցությունից խորհրդարան են մտել ևս 11 քաղաքական կուսակցություն: Իր 2 տեղն է պահպանել «Հայրենիք» և նախորդ 3-ի փոխարեն երկու տեղ ստացել «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունը: Խորհրդարանում տեղեր են ձեռք բերել «Սոցիալական բարգավաճում», «Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ», «Մեծ ժողով», «Դեմոկրատական ռեֆորմ», «Քաղաքացիական միասնություն», «Ազգային վերածնունդի շարժում» կուսակցությունը: Առաջին անգամ խորհրդարան են մտել «Վաղդատ», «Սոցիալ-դեմոկրատական» և «Դեմոկրատական լուսավորություն» կուսակցությունները: 42 տեղ զբաղեցնում են անկուսակցական պատգամավորները: Ընդհանուր առմամբ նշվում է, որ խորհրդարանը թարմացել է գրեթե 25 տոկոսով:

Սակայն քաղաքական ուժերի նման բազմազանությունը չի վկայում գաղափարական պլյուրալիզմի մասին, քանի որ Մեջլիս են անցել հիմնականում իշխանահաճո ուժերը: Ընդդիմադիր ուժերից ընտրարշավին ակտիվորեն մասնակցում էր «Ազադլիք-2015» կուսակցական դաշինքը, որը միավորում է յոթ կուսակցությունների` այդ թվում` «Ազգային ճակատի դասական կուսակցությունը» և «Ադրբեջանի ժողովրդական կուսակացությունը», «Հույս», «Հանրապետական այլընտրանք» (ReAl), ինչպես նաև Nida և «Մուսավաթ կուսակցություննները:

Չնայած մինչ հոկտեմբերի 28-ը «Մուսավաթ» կուսակցությունից նախընտրական արշավին մասնակցում էին պատգամավորության 25 թեկնածու, սակայն կուսակցության ղեկավար կազմը անցկացրած նիստում որոշում էր ընդունվել չմասնակցել ընտրություններին: Ավելի վաղ «Մուսավաթ»-ն իշխանություններին առաջարկել էր դադարեցնել ընտրությունները դրանք անցկացնել 4 ամիս հետո` մինչ այդ ազատ արձակելով բոլոր քաղաքական բանտարկյալներին, և բոլոր քաղաքական ուժերի ու թեկնածուների համար դեմոկրատական պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծել: Սակայն իշխանությունները հրաժարվեցին հանել «Մուսավաթ»-ի թեկնածությունը, քանի որ ընտրաթերթիկներն արդեն տպված էին: NiDA-ն ևս հրաժարվեց մասնակցել ընտրություններին: Ընտրությունները բոյկոտելու քաղաքականություն էին որդեգրել նաև իրական ընդդիմադիր այլ ուժեր ևս:

Պաշտոնապես հայտարարվել է, որ ընտրական մասնակցությունն ավելի բարձր է նախորդ ընտրությունների համեմատ: Նշվում է, որ ընտրությանը մասնակցել են 2.89 միլիոն քաղաքացի կամ ընդհանուր ընտրողների 55.7 տոկոսը: Մինչդեռ ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ ընտրություններին չի ապահովվել նույնիսկ 25 տոկոսանոց մասնակցություն: Ինչպես որ ընտրություններն էին պասիվ, նույնքան անհետաքրքիր էր նաև ընտրարշավը: Կուսակցություններից գրեթե ոչ մեկը չէր պատրաստել նախընտրական պաստառներ, քարոզչական թերթիկներ կամ օգտվել քաղաքական գովազդի հնարավորությունից: Հեռուստատեսությունն ու ռադիոն այնքան բարձր գներ էին սահմանել գովազդի համար, որ կուսակցությունների համար անհասանելի էր օգտվել մեդիայի ընձեռած հնարավորություններից: Միայն «Նոր Ադրբեջան»-ի ներկայացուցիչները կարող էին օգտվել հեռուստատեսային անվճար գովազդի իրավունքից, քանի որ, համաձայն Ադրբեջանի ընտրական օրենսգրքի, հեռուստատեսություններում անվճար նախընտրական գովազդից կարող են օգտվել միայն այն քաղաքական ուժերը, որոնք 60 ընտրական շրջաններում առաջադրում են իրենց թեկնածուներին: Նման կուսակցություն միայն Ալիևի ղեկավարած ուժն է, որը նույնպես հրաժարվել էր օգտվելու այդ հնարավորությունից: Կուսակցությունում չնայած այդ հանգամանքը բացատրում էին արդար մրցակցություն ստեղծելու պատրվակով, սակայն բացառված չէ, որ իշխանությունը պարզապես չէր ցանկանում լրացուցիչ ջանքեր գործադրել առանց այն էլ պարզ ընտրությունների ելքի վրա ազդելու համար: Մյուս կողմից էլ նավթի գների անկումից զգալիորեն տուժած ադրբեջանական տնտեսությունը պարծանքի առարկա չէ իշխանությունների համար, ուստի որոշվեց քարոզարշավն աննկատ անցկացնել: Եթե ընդդիմությունն ակտիվ, էմոցիոնալ ընտրարշավ վարեր կարող էր շեշտը դնել ընդդիմության սոցիալական խնդիրների վրա և ավելի լավ արդյունքներ գրանցել:

Ընտրության արդյունքները միանշանակ չընդունվեցին նաև միջազգային հանրության կողմից: Չնայած ԵԱՀԿ-ն հրաժարվել էր դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջան, սակայն եվրոպական կառույցներից ԵԽԽՎ-ն դրական էր գնահատել ընտրությունները: Կառույցի 28 ներկայացուցիչներից միայն 3-ն էին խոսել ընտրախախտումների մասին: Գերմանացի պատգամավորներ Ֆրանկ Շվաբեն, Ուտե Ֆինկխ Կրամերը և իռլանդացի պատգամավոր Մայքլ Մակնամարան հանդես են եկել առանձին հայտարարությամբ, որում նշել են, որ իրենք չեն կարող Ադրբեջանում անցկացված ընտրություններն անվանել արդար և դեմոկրատական:

Մարդու իրավունքների կազմակերպությունների Human Rights House Network միջազգային ցանցը հայտարարել է, որ Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է: Ցանցի ներկայացուցիչ Ֆլորիան Իրմինգերն Ադրբեջանում անցկացված ընտրությունների մեկնաբանության մեջ նշել է, որ իրենց հնարավորություն չի տրվել հետազոտել «լավ փաստաթղթված բռնաճնշումները, մարդու իրավունքների խախտումները, թեկնածուների գրանցման գործում սահմանափակումները և այդ արդյունքներին հանգեցրած զանգվածային կեղծումները:

«Առանց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ մասնակցության մենք չենք կարող ասել, որ Ադրբեջանն առաջնընթաց է կատարել ԺՀՄԻԳ հանձնարարականների հետ համեմատ, որոնք արվել են նախորդ ընտրությունների ժամանակ: Այդ հանձնարարականները վերաբերվել էին հիմնարար ազատությունների սահմանափակումներին»,-ասել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:

Ադրբեջանում նոյմեբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ոչ մի նշանակալից ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը` մեկնաբանելով Ադրբեջանում կայացած ընտրությունները:

Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները հակադեմոկրատական է անվանել:

Միանգամայն հակասական գնահատական կար Արևմուտքի և ԱՊՀ երկրների արձագանքների միջև: Անկախ այդ գնահատականների տարբերությունից հստակ է, որ միջազգային կառույցները շարունակելու են համագործակցել ակնհայտ ոչ լեգիտիմ իշխանությունների հետ:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում