ՌԴ-ի կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություն է ստեղծում հայ արտադրողների համար

ՌԴ-ի կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություն է ստեղծում հայ արտադրողների համար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 27-ին հանդիպել է հանրապետության մսամթերք արտադրողների հետ` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի մսամթերք արտադրողների միության նախագահ Արամայիս Բիլյանը, ոլորտում գործող մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

«Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ստեղծվել և գործում է Հայաստանի մսամթերք արտադրողների միությունը, և այսօրվա մեր հանդիպումը նպատակ ունի համատեղ քննարկել առկա խնդիրները` դրանց արդյունավետ լուծումներ տալու նպատակով», – նշել է իր բացման խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության արդյունքում էականորեն դյուրացել են հայրենական արտադրանքի արտահանման գործընթացները, սակայն մսամթերքի արտահանման ծավալները դեռևս բավարար չեն և այդ ուղղությամբ պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկել:

Սերգո Կարապետյանը նաև հավելել է, որ ՌԴ-ի կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար։ Բացի այդ, մեր արտադրողներն արդեն կարող են ռուսական շուկա արտահանել նաև բաստուրմա և սուջուխ, ինչը ևս մեկ խթան է մսամթերքի արտահանման ծավալների ավելացման համար:

Իրենց հերթին մի շարք արտադրողներ նշել են, որ արտահանման ծավալներն այս պահին ավելանում են, հայկական մսամթերքը որակյալ է, մրցունակ և ճիշտ աշխատանքի դեպքում կարող է մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն առանձնահատուկ շեշտել է տեղական շուկայում մսի իրացման հարցերի կարգավորման անհրաժեշտությունը: Նախարարը նշել է, որ վերջին տարիներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման արդյունքում հեռագնա լեռնային արոտավայրերի ջրարբիացման շնորհիվ հանրապետությունում զգալիորեն ավելացել է անասնագլխաքանակը և հորդորել է մսամթերք արտադրողներին հատկապես նախատոնական առևտրի շրջանում, երբ գյուղատնտեսական կենդանիների մորթն ավելանում է, աջակցել գյուղացիական տն տեսություններին մսի իրացման հարցում:

Նախարար Կարապետյանն առաջարկել է ընկերություններին առավել ակտիվորեն համագործակցել սպանդանոցների հետ, ինչը նրանց հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանն ապահովել առավել անվտանգ, որակյալ մսամթերքով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի զարգացման առնչվող մի շարք այլ հարցեր ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում