Գրիպի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված չէ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն’ եվրոպական տարածաշրջանում գրիպի և սուր շնչառական վարակների առումով ներկայումս համաճարակային իրավիճակը լարված չէ, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ըստ նույն աղբյուրի’ այսօր եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառում են գրիպի Ա և Բ տեսակները: Վիրուսաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծությունը վկայում է, որ հետազոտված դեպքերի 96% -ում արձանագրվում է գրիպի Ա տեսակը:

Նման պատկեր է դիտվում նաև Հայաստանի Հանրապետությունում:

Հայաստանը, ի դեմս Առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գրիպի համաշխարհային հսկողության ցանցի (FluNet համակարգչային ցանցի կիրառմամբ) անդամ է:
2010 թվականի հունվարից սկսած յուրաքանչյուր շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն են ներկայացվում տվյալներ’ ինչպես սուր շնչառական վիրուսային, գրիպանման հիվանդություններով դեպքերի մոնիտորինգի, այնպես էլ վիրուսաբանական հետազատությունների վերաբերյալ: Յուրաքանչյուր շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի կողմից եվրոպական տարածաշրջանի 58 երկրի կողմից տրամադրված ամփոփ տվյալներով կազմվում է տեղեկագիր և ներկայացվում երկրներին:

Տեղեկագրի տվյալների համաձայն’ այսօր եվրոպական տարածաշրջանի երկրներում դիտվում է գրիպի, գրիպանման հիվանդությունների և սուր շնչառական վարակների ցածր ինտենսիվություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում