ՀՀ ԶՈՒ-ն ամրապնդեց երկրի`որպես անվտանգություն արտադրողի դիրքը միջազգային արենայում

ՀՀ ԶՈՒ-ն ամրապնդեց երկրի`որպես անվտանգություն արտադրողի դիրքը միջազգային արենայում

Անցած տարի, երբ ամփոփում էի միկրոպատերազմյան 2014-ը, որը հանգեցրեց հերոսների սերնդափոխության, այն գնահատեցի Հայկական  խրամատային բանակի` իր լինելիության իրավունքն  ու կարողությունն ապացուցելու տարի: Անցնող 2015-ին, երբ հայկական զինուժը (ՀՀ ԶՈՒ, Արցախի ՊԲ) ստիպված էր իր վրա վերցնել Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցից, ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, համաշխարհային նավթի գների անկումից, ռուս-թուրքական հակամարտությունից և վերջապես ՀՀ-ում սահմանադրական  փոփոխությունների գործընթացից բխող հարվածները, տարին առաջին հերթին և գլոբալ առումով, այնուամենայնիվ, համարում եմ ՀՀ ԶՈՒ-ի` Հայաստանի դիրքը միջազգային արենայում որպես անվտանգություն արտադրող երկիր ամրապնդելու  տարի, երկրորդ` ներսի և դրսի պատկան հասցեատերերին պարտադրանքի, թե պետք է դուրս գալ չարդարացված ամոթխածությունից ու համեստությունից և անել դաշնակցային ուշացած հիշեցումներ, նույնիսկ` դիտողություններ:

«Շանթ 2015». Ռազմական դրություն. դաշնակիցը չի կատարում պարտավորությունը

Սեպտմբերի 3-ից 6-ն անցկացվեց ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որն իր մասշտաբով և առաջադրված խնդիրների  մակարդակով առաջինն էր` ընդգրկելով  ՀՀ բոլոր գերատեսչությունները: Սեպտեմբերի 6-ից հետո մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն 2015»-ի զուտ ռազմական գործողությունների փուլը և հայտարարվում ռազմական դրություն:

Ընդ որում, հնարավոր սցենարների շարքում չի բացառվում,  որ Հայաստանը հայտարարված պատերազմում կարող է չստանալ դե յուրե ամրագրված դաշնակցային աջակցությունը: ՀԱՊԿ-ից սրան արձագանք չեղավ, փոխարենը կազմակերպության քարտուղարության վարչության պետի տեղակալ Վալերի Կոլչինը նկատեց. «Զորավարաժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար»: Ի դեպ, այդ օրերին սահմանին իրավիճակը բավականին լարված էր. Ադրբեջանը հիստերիայի մեջ էր ընկել այս փաստից և ստիպված էր ավելի ուշ նմանատիպ զորավարժություն կազմակերպել: 

ՀԱՊԿ-ն Հայաստանից խաղաղապահություն է սովորում. «Անխախտելի եղբայրություն 2015»

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Երևանում կայացավ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունը, որին մասնակցում էին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները՝ մոտ 600 մարդ, օգտագործվում է  50 միավոր տեխնիկա:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատեց, որ «մեր տարածաշրջանում, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, և մեզ համար շատ կարևոր է ոչ միայն մեր երկրի սահմանների անվտանգությունն ապահովել, այլև այնտեղ, որտեղ դրա կարիքը կլինի»: Ավելի ուշ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին առաջարկեց ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կառույց ստեղծել: 

Մենք լսելով չէ, որ գիտենք խաղաղության գինը. Հայաստանը մեծացնում է միջազգային խաղաղապահության  սահմանը

Այս տարի Հայաստանը խաղաղարար առաքելությամբ շտաբային սպա ուղարկեց Մալի: Ավելին` սեպտեմբերի 28-ին ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովում հայտարարեց, որ Հայաստանը ստանձնում է նոր հանձնառություն` պատրաստել և ՄԱԿ-ի առաքելություններին տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ: 

ՀՀ ՊՆ կողմից առաջարկվող առաջին ստորաբաժանումը միջազգային չափորոշիչներով Role 2 մակարդակի դաշտային հոսպիտալ է, երկրորդը խաղաղապահ ինժեներասավորավորային գումարտակ է, որը  համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման տեխնիկայով: 

Հոկտեմբերի 5-ից 6-ը Երևանում անցկացվեց խաղաղապահական մարտահրավերներին նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցում էին 16 պետության թվով 58 ներկայացուցիչ:

«Աշխարհը գնալով դառնում է առավել փոխկապակցված. ստեղծվել է մի վիճակ, երբ մի տարածաշրջանում անկայությունն ամբողջ աշխարհում է նոր մարտահրավեր և սպառնալիք առաջ բերում»,-շեշտեց Սեյրան Օհանյանն` ակնարկելով, թե  միջազգային անվտանգությունն այսօր և մեծ, և փոքր երկրների խնդիրն է: Այստեղ հայկական կողմը հայտարարեց նաև, որ խաղաղարարության հարցում պետք է ցուցաբերվի ինդիվիդուալ մոտեցում` յուրաքանչյուր երկրի իրավիճակին և խնդիրներին համարժեք` ակնարկելով, որ ԼՂՀ տարածքում այսօր չկա խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն:

ՀՀ ԶՈՒ-ն տվեց դաշնակցային ուշացած դիտողությունների մեկնարկը 

ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների շրջանակում  ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի ներկայությամբ հիշեցրեց, որ գոյություն ունի բարոյական պատասխանատվություն, որի կատարման համար պարտադիր չէ, որ Հայաստանը հայտ ներկայացնի:

«Կցանկանայինք, որ նրանք այս հարցում ակտիվություն դրսևորեին, սակայն, ցավոք, դեռ ոչ մի լուրջ արձագանք չկա: Կուզենայինք այն լսել, քանի որ մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է»,-շեշտեց նա, երբ Ադրբեջանը մի քանի օր շարունակ կրակի տակ էր պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:

Ամիսներ անց` դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»։

Սրան հետևեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի արձագանքը, որտեղ կոչ էր արվում  Դաշինքի անդամ պետություններին օգտագործել  քաղաքական ռեսուրսը` թույլ չտալու իրադրության ապակայունացում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաճում ռազմական բախումների, այլապես «կպայթի» ամբողջ Կովկասը:

«Պետք է մեղմել իրադրությունը, դադարեցնել կրակոցները: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ծանր զենքի կիրառմամբ»,- շեշտեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

Հրադադար այլևս գոյություն չունի, իսկ 1994-ին կնքվածը զուտ զինադադարի պայմանագիր չէ

Օրերս ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ադրբեջանական գործողությունների մասին խոսելիս չպետք է այլևս օգտագործել «հրադադարի խախտում» ձևակերպումը, այլ գնահատել իրավիճակը թշնամու գործողությունների նպատակներից ելնելով, ինչը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Մինչդեռ այս տարի թշնամու ռազմամարտավարությունում որոշակի փոփոխություններ նկատվեցին. եթե 2014-ի հուլիս-օգոստոսյան, ինչպես նաև դրանից առաջ և հետո իրականացված գործողությունները հիմնականում զուտ դիվերսիոն հարձակումներ էին, այս տարի թշնամին ավելի շատ դիմեց ծանր տեխնիկայի և խոշոր տրամաչափի զինատեսակների օգնությանը` սպառելով առաջնագծի զինանոցը: Մասնավորապես, Ադրբեջանի զինուժն առաջին անգամ գործածության մեջ դրեց տանկեր, 122 միլիմետրանոց Դ-30 տիպի հաուբից հրանոթներ: Սա, թերևս, մի քանի բանի մասին է հուշում. առաջին` հակառակորդը մարդկային ուժի խնդիր ունի, երկրորդ` ելնելով բարդույթավորված քաղաքականությունից` փորձում է ցույց տալ, որ նավթի գների անկումը չի ազդել սեփական ռազմական կարողությունների վրա, ինչը, իհարկե, իրականությունից դուրս է: Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի ջղաձգումների պատճառներից մեկն էլ Հայաստանի համեմատ ռազմական բյուջեի խոշոր առավելության կորուստի վախն է: Այստեղ հարկ է հիշեցնել ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե «ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը»: 

Գաղտնիք չէ նաև, որ ադրբեջանական առաջնագծում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն էին հիմնականում գործուղվում, որոնց զայրույթի սրացումն ալիևյան կլանի համար հավելյալ խնդիրներ կարող է առաջացնել:

Ինչ վերաբերում է զինադադարի պայմանագրի ռազմական լինել- չլինելուն, որն ըստ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի, պարտադրվել է Ադրբեջանին, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Times.am-ի հետ զրույցում մի առիթով հայտարարեց, որ այն բուն զինադադարի պայմանագիր չէ. անհրաժեշտություն կա մաքուր զինադադարի մասին պայմանագրի: 

«Երբ կնքվել է այս զինադադարի պայմանագիրը, մնացել են այնպիսի խնդիրներ, որոնք մասամբ քաղաքական են, որովհետև դա չի եղել զուտ զինադադարի մասին, օրինակ՝ պարունակում է ազատագրված տարածքների վերադարձ, ինչը զինադադարի մասին չէ: Ես կողջունեի եթե այն լիներ զուտ զինադադարի մասին՝ թողնելով քաղաքական հարցերը, անգամ տարածքային, բայց այլ ժամանակների և պայմանագրերի համար: Դա է շփոթը մտցրել, երբ կա և զինադադար, և քաղաքական պահանջ, դրա համար էլ Ադրբեջանն ասում է՝ վերադարձրեք տարածքները, (որոնք իրեն չեն պատկանում), հետո զինադադարը կանենք, քանի դա չես անում, ես ունեմ իրավունք ուժով դա վերցնելու: Մի քանի անգամ Իլհամ Ալիևն այդ մասին հայտարարել է, որովհետև կրկնում եմ՝ այդ պայմանագիրը մաքուր զինադադարի պայմանագիր չէ: Դասական ձև կա՝ դիպուկահարների հեռացում առաջնագծից, ծանր զինտեխնիկայի հետքաշում և այլն, ինչը չի ստորագրվել: Կազիմիրովը բազմաթիվ անգամներ հիշեցրել է, որ այն պայմանագիրը, որտեղ պիտի լինեին այս մանրամասնությունները, Ալիևի հրամանով չի ստորագրվել, թեկուզ սկզբից ոչ մի պայման չի դրել: Ռուսներն ասում են, թե Արևմուտքն է խառնվել, որ չլինի ռուսները հասել են…ես պիտի փաստաթղթեր տեսնեմ, որ հստակեցնեմ, բայց որ դա տեղի չի ունեցել այդ փաստը պետք է արձանագրենք»,-ընդգծեց նա:

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Ադրբեջանի այսօրվա ռազմավարությունը հանգեցնելու է նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքի: Մինչ այս, սակայն, ՀՀ ԶՈՒ-ն ստիպված է իր «փոքր» կարողություններով զսպել Ադրբեջանի դեռևս մեծ ախորժակը, որի ճանապարհին, ցավոք, ունենում ենք կորուստներ, ինչից անմասն չմնացինք նաև այս տարի: Միայն դեկտեմբերին ունեցել ենք ոչ մարտական 9-ը կորուստ` 

Դեկտեմբերի լույս 4-ի գիշերը՝ ադրբեջանական դիվերսիան հետ մղելու մարտի ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող Էրիկ Գրիգորյանը:

Դեկտեմբերի 5-ին հակառակորդի հրետակոծության հետևանքով  ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

Դեկտեմբերի 8-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

Դեկտեմբերի 11-ին հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը:

Դեկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:

Դեկտեմբերի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը:

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

Դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: Պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող,1996թ. ծնված Սիդար Իգորի Ալոյանը:

Դեկտեմբերի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:

Թշնամու կորուստների մասով նշենք, որ հայկական ուժերը մոտ մեկ ամիս առաջ ոչնչացրեցին թշնամու ռազմական մի քանի օբյեկտ, իսկ զոհերի թիվը տարվա կտրվածքով ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի, կհասնի 200-ի սահմանագծին:

Ռազմաքարոզչական դաշտ. որքանո՞վ կրկնեցինք 2014-ի հուլիս-օգոստոսյան միկրոպատերազմյան հաջողությունը

Հանուն արդարության պետք է ասել, որ 2015-ին քարոզչա-տեղեկատվական դաշտում մեղմ ասած` առաջընթաց չարձանագրեցինք, եթե չասենք` 2014-ի համեմատ հետ քայլ արեցինք: Իսկ տարին պակաս լարված չէր: Ծանրակշիռ ռազմակարծիքների տեղը մամուլում շարունակում է մեծ իմաստով  դատարկ կամ կիսադատարկ մնալ, իսկ պատճառն այն չէ, որ չկան մասնագետներ: Խնդիրն այստեղ նրանց ասպարեզ բերելու և շահագրգիռ լրատվամիջոցների հետ համատեղ աշխատանքին կապելու մեջ է: Այլ կերպ` լրատվամիջոց-բանակ տեղեկատվական համատեղ պայքարի անհրաժեշտություն կա: Սրա մասին հատուկ չէի շեշտի, եթե տարվա ընթացքում ականատեսը չլինեի ՌԴ ՊՆ-ի տեղեկատվական և, լրատվամիջոցների հետ համագործակցությանը միտված մարտավարության: Գուցե կասեք, թե գործ ունենք բոլորովին այլ իրողությունների հետ, ռազմաքաղաքական նպատակների առումով` գուցե, բայց տեղեկատվական առումով` ոչ այնքան: Բավական է համեմատել  Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի և Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծիչի խոցման դեպքերում տեղեկատվա-քարոզչական պատկերը: Ռուսական քարոզչամեքենան շեշտը դրեց հակառակորդի դեմքը ցույց տալու վրա, մենք` անպատասխան չթողնելու պահանջի, այն դեպքում, երբ օդաչուների դիակների դուրսբերումն ինչ-որ առումով պատասխան էր, որի մասին ՊՆ-ն չակնարկեց և հարցականները թողեց անպատասխան: Սա երկար քննարկման  թեմա է, ոչ թռուցիկ անդրադարձի, մի բան պարզ է` անելիք ունի և ՊՆ-ն, և լրատվադաշտը: 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում