Հայրենաթափ. Չարդախլու

Հայրենաթափ. Չարդախլու

Խորհրդային միության հոգեվարքի վերջին տարիներին ԽՍՀՄ տարածքում բռնի հայաթափ եղան բազմաթիվ հայկական բնակավայրեր, հայրենաթափ եղան հազարավոր հայեր: Չարդախլուն այդ բնակավայրերից մեկն էր:

«Գյուղի ծերին՝ սարի վրա՝ Խաչի սար ա կոչվել, մեծ զանգ ա եղել կախված, շատ հնուց, որ թաթար-մոնղոլները գան, մեր գյուղ չհասցնեն մտնեն. վտանգի դեպքում զանգը տվել են, գյուղի տղամարդիկ հավաքվել են, զենքերը վերցրել, պահել գյուղը խուժանից: Դրա համար մեր Չարդախլու ոչ մեկ չի կարացել մտնի… Մինչև էն զահուրմարը… »
Չարդախլվեցի Միշա պապի առույգ ձայնը թրթռում է մի պահ, «զահուրմարի » մասին չի ուզում խոսել, նորից հետ է գնում «էն լավ թվերը». Միշա պապն ամեն մանրուք հիշում է իրենց տարեթվերով, ասում է՝ «գլխումս հատ-հատ գրված ա, անունս էլ մոռանամ, մեր գյուղի եղած- չեղածը մըտահան չեմ անիլ»:
Միշա պապը ութսունմեկ տարեկան է, ներկայումս Ադրբեջանի տարածքում գտնվող Չարդախլու հայկական գյուղից ութսունութ թվականին տեղահանված երեք հազար հինգ հարյուր բնակիչներից մեկը: Միշա Գրիգորյանը Չարդախլուում մեխանիզատոր էր աշխատում, հիմա էլ է մեխանիզատոր՝ առաջվա պես:


Միշա Գրիգորյանը

Տավուշի Զորական-Չարդախլու գյուղում երկրորդ անգամ ենք հանդիպում. ճանաչեց՝ ի զարմանս ինձ: Մտնում ենք նրա տուն, նո՛ր տուն՝ Զորական գյուղի իր տուն, պապը բացում է երկհարկանի տան առաջին հարկի դուռն ու չի մոռանում հոգոցը՝ «Բա սհե՜նց տուն ենք ունեցել… »

Պապը հարցերի չի սպասում, գիտի՝ որտեղից սկսել.

«Մեր նախնիները Վրաստանից՝ Թիֆլիսից են եկել, Վրաստանի հայեր են, և՛ վրացերեն են խոսել, և՛ հայերեն, դրա համար մեր գյուղի անունը Չարդախլու են դրել, թարգմանաբար՝ «Ոսկեհովիտ», սխալ են ասում, թե թուրքերեն ա, վրացերեն ա անունը: Չարդախլվի հիմքը Թիֆլիսից եկած յոթ հայ ընտանիք են դրել, հետագայում ուրիշ տեղերից էլ են եկել՝ Արցախից, բանից, բայց հիմքը ու անուն դնողը էդ յոթ ընտանիքն են եղել, մեկն էլ իմ Պետրոս պապանք են եղել:

Շամխորի շրջանում տասներկու հայի գյուղ ա եղել, որից մեկն էլ՝ Չարդախլուն, ընդհանուր՝ երեսուն չորս հազար շունչ ա եղել էդ տասներկու գյուղում, հիմա… ,- պապը խոսքն արագ է փոխում,- մենակ երեք հազար յոթ հարյուր հա վարելահող ունեինք, բա՜ »: «Մենք մեր գյուղացի մի գեներալ ենք ունեցել՝ Ջհանբեկը՝ Մարգարյան Ջհանը, ցարի բանակի գեներալ ա եղել, բժիշկ, ցարի աղջիկը հիվանդացել ա, էս Ջհանբեկն ա բուժել, ցարը հարցրել ա՝ ինչ նվեր կուզի փոխարենը, Ջհանբեկն ասել ա՝ « Ինձ համար բան չեմ ուզում, բայց հրեն մի գյուղ ունեմ, վարելահող չունեն, հազար հեկտար հող տուր, ցանեն, ապրեն»:

Միշա պապը հերթով ցույց է տալիս նկարները՝ Ջհանբեկի, Չարդախլուում մնացած 1871 թվի եկեղեցու, Խաչի սարի ու Խաչի սարի վրայի խաչի…


Սբ. Աստվածածին


Խաչի սարի խաչը

Մարշալներ Բաղրամյանի ու Բաբաջանյանի նկարները վերջում է թողնում՝ հատուկ: Բոլոր չարդախլվեցիների տան լուսանկարների հին ալբոմներում մարշալների լուսանկարները կան: Ամենափոքրիկ չարդախլվեցին անգամ գիտի, թե ում համագյուղացին է ինքը: Չարդախլու գյուղն առաջին հերթին հայտնի է որպես սովետական բանակի հայազգի երկու մարշալների՝ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի ծննդավայր:
«Չարդախլուի երեք հազար հինգ հարյուր շնչից դուրս ա եկել երկու մարշալ, աշխարհի ոչ մի գյուղից երկու մարշալ դուրս չի եկել, տասը միլիոնանոց Ադրբեջանից մի հատ մարշալ ա ըլել, որ մեզ տեղահան անի, սարքի փախստակա՞ն »,- Միշա պապը նայում է չհաշտված ու հարցական:

Հին լուսանկարների մեջ պապը գտնում է Բաղրամյանի թանգարանի բացման այն լուսանկարը, որտեղ գյուղացիները նկարված են մարշալի հետ, ապա՝ մարշալի թանգարանի մոտավոր տեղն է նշում գյուղը պատկերող լուսանկարում:


Հետո գյուղի թաղերը՝ անուն առ անուն.իրենց թաղը չի գտնում, չի երևում նկարի մեջ:


Մեր զրույցի ընթացքում պապը իրենց ընկույզից է հյուրասիրում, ասում է՝ իրենք ընկույզին ճըղոպուր էին ասում:

Պապին հրաժեշտ ենք տալիս, աչքերը մշուշոտ են. Երևի դեռ նկարի մեջ մտովի իրենց թաղն է փնտրում, մտովի վերականգնում, անցնում փողոցներով…


Գյուղի ամեն թաղում մի հանդիսությունների սրահ կար, թվով տասնմեկը: Երբ Չարդախլուում սկսվեցին պտտվել շշուկներ վտանգի մասին, երբ Արցախից սկսեցին թաքուն նամակներ ստանալ շարժման մասին, հենց այդ հանդիսությունների սրահներում էլ կազմավորվեցին այսպես կոչված շտաբները: Տասներկու հատ որսորդական հրացան ունեին, ու մի գերմանական շմայս՝ պատերազմից բերած: Թե ինչպես սկսվեց…

1979 թվականին Մոսկվայի որոշմամբ Չարդախլուում կառուցվեց Մարտական փառքի թանգարան՝ Բաղրամյանի պատվին: Ադրբեջանի կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Հեյդար Ալիևը նույնպես մասնակցեց մարշալ Բաղրամյանի թանգարանի բացմանը, դեռ այդ թվականին շշուկներ տարածվեցին, որ Ալիևի աղջիկը հավանել է գյուղը, բնությունը, հենց նույն գիշեր Ալիևը շրջկենտրոնում՝ Շամխորում, ժողով է հրավիրում, որի ընթացքում նկատողություն է տալիս շրջկոմի քարտուղարին, բարկանում, թե «այդ ինչքա՞ն եք տոն տվել հայերին, որ այդքան հարուստ են բոլորը, բոլորի տները երկհարկանի, դարպասները ներկված, երկաթյա… ». Ալիևի խոսքերը հայերին ժողովին ներկա թուրքերից մեկն է հասցնում:

Դա հայերին, մանավանդ Չարդախլուին ճնշելու առաջին բացահայտ ցուցումն էր վերևից:
«Առաջին ընդհարումը եղավ 87 թվի օգոստոսին, երբ Բաքվից կոլխոզի նախագահ էին նշանակել, ժողովուրդն էլ մեր նախագահի՝ Եղյան Սուրենի թիկունքին կանգնեց, թե՝ մենք ուրիշ նախագահ չենք ուզում: Եղյանը լավ էր աշխատում, հենց դրա համար էլ որոշել էին հանել »,- հիշում է չարդախլվեցի Վահրամ Կարապետյանը:

«87 թվականի դեկտեմբերի մեկի գիշերը միլիցիայի աշխատակիցները գյուղը շրջափակում են, թե՝ ժողով պիտի անենք, կոլխոզի նախագահ նշանակենք: Էդ օրը բախում եղավ, ճիշտ ա՝ զենք չի եղել, քաշքշել են իրար, կանայք ընկել էին մեջները, որ տղամարդկանց չձերբակալեն, կանանց էին քաշքշել… Էդ օրը քսան-քսանհինգ տղամարդու ձերբակալեցին: Լարումն իր գագաթնակետին հասավ: Սկսեցինք գիշերները հերթապահել: Ամիսներ շարունակ լարված էր, անընդհատ պրովոկացիա էին անում: Կինս այդ ժամանակ թանգարանի տնօրենն էր, հավաքվում, քննարկում էինք Արցախից եկած նամակները, լուրերը, Իգոր Մուրադյանի քարտեզներն էին արդեն գյուղ հասել… Ո՞վ էր պատկերացնում՝ ինչի կվերածվի ամեն ինչ: Մի օր էլ մեզ ընտանիքով հրավիրեցին КГБ ու զգուշացրին որ «իրավիճակը պատշաճ չենք գնահատում», մեզ զգուշացրին, իսկ շատերին ծեծում-ջարդում էին այնտեղ»:

«Սումգայիթն արդեն եղել էր, կողքի գյուղերը քիչ-քիչ հայաթափվում էին, բայց մենք դեռ չէինք հավատում, տարեցներն անընդհատ ասում էին՝ «Մոսկվան հո չի՞ մեռել », հեռագրում էինք անօրինականությունների մասին, սպասում Մոսկվայի կարգ հաստատելուն:

Ամբողջ նոյեմբեր ամիսը հայաթափվեցին Շամխորի մնացած տասնմեկ գյուղերը, մնացինք մենակ: Էլեկտրականությունն անջատել էին, հացի փուռը փակել: Մեր մեջ դուրս գալու միտք չկար, գյուղին ամուր էինք կպած, մենք օգնություն էինք սպասում Հայաստանից, իսկ Հայաստանից օգնությունը եղավ մեքենաների առաջին շարասյան տեսքով. ուղարկել էին, որ տեղափոխվենք: 88-ի նոյեմբերի 28-ին դուրս եկավ գյուղացիների առաջին շարասյունը:

«Նստած էինք իրար կիպ կպած, երեխան գիրկս էր, ոտքերս դնելու տեղ չկար, երեխայի հագուստի ճամպրուկի վրա կծկվել էին ոտքերս, շարժվելու տեղ չկար, օդ չկար »,- պատմում է Վահրամ Կարապետյանի կինը՝ տիկին Ժաննան:
Տարբեր ուղղություններով սփռվեցին չարդախլվեցիները:


Տավուշ, Զորական գյուղ:

Միայն 320 ընտանիք գնաց դեպի Նոյեմբերյան, հաստատվեց Զորականում, 120 ընտանիք հաստատվեց Կարմիրի շրջանում, մի մասը մեկնեց Ռուսաստան, մի մասը գնաց դեպի Սպիտակ… Դեռ իրերը կապած, դեռ անտուն, անօթևան՝ տունն ու ծննդավայրը կորցրած չարդախլվեցիները հանդիպեցին նոր արհավիրքի՝ 88-ի երկրաշարժին. 32 չարդախլվեցի զոհ գնաց երկրաշարժին:

«Մեծահասակները չդիմացան. տեղահանվելուց հետո առաջինը գերեզմանի տարածք վերցրինք, ապրումներից հերթով մահանում էին տարեցները… »

Ես նորից Միշա պապին եմ հիշում. տեսնես գտա՞վ իրենց թաղը… Ու հիշում եմ Զորականի փողոցներով անցնող փոքրիկին, ում երբ հարցրի՝ որտեղի՞ց ես, միանգամից պատասխանեց՝ «Չարդախլվեցի, ը՜մ, Զորականցի »:

Չէ՜, Չարդախլվեցի ես, հաստա՛տ չարդախլվեցի ես: Ու ոչ պակաս, քան ութսունն անց Գոհար տատը, ով լացն աչքերում ձեռքը մեկնել էր դեպի Չարդախլու, դեպի այն կողմը, որտեղից իր հիշելով եկել էին ու մրմնջում էր՝ « Հալբաթ մի օր նորից կտենա՞մ… »

Նարինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում