Արցախյան ազատամարտ. Պատմում է Մխիթար Ավանեսյանը

Արցախյան ազատամարտ. Պատմում է Մխիթար Ավանեսյանը

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Մխիթար Ավանեսյանը՝

Որ ասեմ հասկանում էինք` ինչ է հայրենասիրությունը կամ հերոսությունը, սուտ է: Մեր թաղի բոլոր տղաները գնացին, ինձ չտարան իրենց հետ, 16-ս դեռ չէի բոլորել: Բայց ես չէի կարող չգնալ: Ընկերոջս եղբայրը 4-րդ վաշտում էր ծառայում, խնդրեցի, որ ինձ էլ տանի իր հետ: Տնեցիք օրերով ման եկան ինձ, հետո գտան “26”-ում, հայրս համոզեց, որ եթե որոշել եմ ծառայել, գոնե իր մոտ ծառայեմ: Նա Ծառի` Կարեն Ներսիսյանի ջոկատում էր: Ինձ էլ տարան իրենց մոտ, ուզում էին անվտանգ տեղ լինեմ, ասացին, որ հերթապահություն անեմ, զենք մաքրեմ: Չհամաձայնվեցի, ասացի որ իրենց ջոկատում մնալու միակ պայմանս դիրքեր գնալն է, մարտերին մասնակցելը: Նրանք խոստացան, որ անպայման ինձ էլ են իրենց հետ կռվի տանելու, բայց առաջին իսկ մարտի ժամանակ, չթույլատրեցին գնալ: Չգիտեմ` վիրավորանքս էր շատ, թե բարկությունս` կատաղած դուրս եկա այդտեղից: Գնացի 4-րդ վաշտ: Ամբողջ պատերազմը ես ու հայրս իրարից հեռու ենք անցել:

Երբեմն դիրքերից իջնում էի, գալիս դպրոց: Դասարանի միակ զինվոր-աշակերտն էի: Դասը թողած` ուսուցիչ-աշակերտ ինձ էին լսում: Զինվորական հագուստս շոյում էր ինքնասիրությունս, դե իսկ զենքերս, ասես, շքանշաններս լինեին…

Հիմա, ինչքան մտածում եմ, չեմ կարող հասկանալ` կորցրածս է շատ, թե` գտածս: Պատերազմն անցած ցանկացած մարդ կհասատատի ասածս. մարտական ընկերությունը հավերժական է: Երիտասարդ էինք, դժվարություներին, մի տեսակ, բանի տեղ չէինք դնում: Ոչ ոք չէր մտածում, որ մեզ կարող էր ինչ-որ բան պատահեր: Միասին կռվում էինք, միասին էլ քեֆ անում: Միասին` մեզ հաղթել չէր լինում: Նահանջել չկար, թուրքն էր միշտ մեր առաջ փախչում: Այն էլ ինչպե~ս: Սեղանը գցած, հավը տաք-տաք եփած-դրած, թողնում-փախչում էր: Մի անգամ մի տուն մտա, վառառանին եփած ճաշը դեռ տաք էր: Ճաշը չփորձեցենք, իհարկե, բայց այ մուրաբաները….

Բոլորը գիտեին, թե ես ինչքան եմ մուրաբա սիրում, թուզի մուրաբա: Ինչ տուն մտել եմ` մուրաբա եմ փնտրել: Ջաբրաիլում էինք: Մտա մի սիրուն, կահավորված տուն, երևի հարուստի տուն էր: Թուզի մուրաբա էին եփել, չէին հասցրել ամբողջը բանկաները լցնել: Մի մասն էլ` արդեն պահածոյացրել էին: Վերցրի մուրաբան ու ննջասենյակի շքեղ մահճակալին արքայավայել պառած` ուտում էի: Հետս էլ երեք բանկա մուրաբա վերցրի ու մի գդալ: Երկուսը` թևատակերիս, մեկն էլ` ձեռքիս, ուտելով` գնում էի: Շատ համով էր անտերը: Մենք երբեք սոված չէինք մնում, ուտելիքը լիքն էր, մեր քեֆն էլ` տեղը: Ազատ ժամանակ խաղեր էինք խաղում:

Այս նկարը Երևանից եկած մի լուսանկարիչ է արել: Երնեկ այդ օրերին, բոլորս միասին էինք, առողջ ու երջանիկ … Նկարվելու համար չենք խաղացել, իսկապես խաղում էինք: 

Հետո մեր միասնությունը սկսեց վնասվել: Պատերազմը մեկիկ-մեկիկ տարավ մեզնից լավագույններին: Մեկը վիրավորվում էր, մեկն էլ հավերժության ճամփան բռնում… Այս մի նկարը նայելիս՝ անսահման կարոտն ամեն անգամ խեղդում է ինձ: 

1993 թ հունվարն էր: Ինստիտուտում նոր տարվա երեկույթ էր, բոլորս քաղաքացիական հագուստով եկանք: Սա մեր վերջին նկարն է, որտեղ բոլորս ենք ներկա: Դժվարին մարտեր էին առջևում: Սկզբում Բորյային ու Արմենչիկին կորցրինք: Դա մեր առաջին ծանր կորուստն էր, որը սակայն, վերջինը չդարձավ…

Մարտադաշտում անցկացրած ամեն մի րոպեն մի կյանք արժե, ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել, կարող է հավերժ կապել մարդկանց ու հարազատ դարձնել:

Վաղուհաս գյուղի բարձունքում էինք: Գնում էինք հերթափոխելու Մահապարտների ջոկատին: Հերթափոխի ժամանակ ծանոթացա մի տարիքով մարդու հետ, ով արմատներով իմ հայրենի գյուղից էր` Քոլատակից: Մի րոպեյում նրան ինձ “բարեկամ” կնքեցինք: Այդ պահին թուրքերն անսպասելի հարձակումով մեզ անակնկալի բերեցին: Դա ամենաարյունալի մարտն էր, որ ես երբևէ տեսել եմ: Իմ էս “բարեկամը” զոհվում է: Ես պիտի հանեի նրա մարմինը: Ինքը` հաղթանդամ տղամարդ, ես էլ` 16 տարեկան տղա: Գյուղը հեռու էր մեզնից: Եթե իջեցնեի նրան, այլևս չէի կարողանա նորից բարձրանալ ու մասնակցել մարտին: Խիտ անտառում կրակահերթը չէր ընդհատվում: Մոտ մի կիլոմետր իջեցրի նրան: Ճամփեզրին մի ծառի տակ թաքստոց սարքեցի, թաքցրեցի մարմինն ու բարձրացա ընկերներիս մոտ: Մարտն ուշ ավարտվեց, թշնամուն ջախջախելով հետ վերցրինք մեր դիրքը: Մութ էր: Եկա, շոշափելով գտա թաքստոցն ու իմ “բարեկամին”: Վիրավորներին ու զոհերին քարշակով էինք հանում: Չէի կարողանում կարգին տեավորել նրան: Ստիպված նրան պառեցրի քարշակի վրա ու մարմնովս ծածկեցի: Ամբողջ ճանապարհը ես նրան մարմնովս գրկած բերեցի, որ հանկարծ չընկնի: Մոտ 15-20 կմ ճանապարհն այդպես էլ եկանք: Քարշակի ձայնից խլացել էի, մի շաբաթ լսողությունս չէր վերականգնվում: Այդ դեպքից մի քանի ամիս անց ես եմ վիրավորվում: Չեմ ուզում պատմել վիրավորումիս պատմությունը, ճակատագրի այդ դառը հեգնանքը, որի պատճառով ես` նախկին ձյուդոյիստս, հրաժեշտ տվեցի սպորտին էլ, ակտիվ կյանքին էլ: Ինչևէ, չշեղվեմ պատմությունիցս: Պարզվում է, էս մեր “բարեկամի” տունը Երևանում Միքայելյան հիվանդանոցի մոտ էր գտնվում: Երբ ես պառկած էի հիվանդանոցում, չգիտեմ` որտեղից, նրա այրին տեղեկացավ իմ մասին: Մի ամբողջ տարի, որ ես գամված էի անկողնուն, նրա կինն ինձ համար ուտելիք էր բերում: Ամեն օր: 1993 թվականն էր, ժողովրդի վիճակը ծանր էր: Ինքն էլ՝ տանջված մի այրի: Կարծես ամուսնու բաժին կերակուրն էր բերում ինձ համար: Մի օր ապուր, մի օր թանապուր … բայց կոմպոտն ու մի կտոր հացը պարտադիր ամեն օր բերում էր: Վերջերս մի օր նրան տեսակցության գնացի: Գրկել էր ինձ, մի ժամ բաց չէր թողնում…

Չգիտեմ, կորցրածս է շատ, թե` գտածս: Չգիտեմ, ինչու եմ կարոտում ու երանի տալիս այն օրերին, երբ կյանքի ու մահվան սահմանագծին հպարտ ու վստահ էինք կանգնած, ու թքած ուեինք սահմանագծի վրա էլ, մահվան վրա էլ: Երևի ընկերներիս եմ կարոտում, մեր առողջ և ուրախ երիտասարդությանը, մեր անկեղծ նվիրվածությանը… Ընկերներիս շարքը նոսրացել է, ճիշտ է, բայց ամրությունը չի պակասել, նրանք իմ հարստությունն են: Այդպիսի ընկերներով կարելի է աշխարհն էլ գրավել:

Գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Հ.Գ. …Հերուսությունը համեստության հետ է քայլում: Դա է պատճառը, որ իմ հերոսները դժվարությամբ են համաձայնվում պատմել իրենց մասին: Ու եթե կա մի բան, որ ստիպում է նրանց խոսել, ապա միայն այն, որ երբեք չմոռացվի այն գինը, որ վճարել են իրենք՝ հանուն մեր խաղաղ օրերի, հանուն մեր ազատ ու անկախ պետականության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում