AM | RU
USD
EUR
RUB

Արցախյան ազատամարտ. Պատմում է Վարդուհի Գևորգյանը

 

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Վարդուհի Գևորգյանը.

Պատերազմն ինձ համար շատ ավելի վաղ է սկսվել, ավելի ճիշտ, պայքարը սկզբում իմ ներսում է սկսվել. թուրքի ներկայությունը չհանդուրժելուց, հարազատ քաղաքիս փողոցները թուրքի հետ չկիսելու որոշումից, իմ ըմբոստ բնավորությունից… մի խոսքով 1987-ին Մարզխորհրդի պատգամավոր ընտրվեցի ու գրեթե անմիջապես միացա շարժման ընդհատակյա գործիչներին: Բնական է, գաղտնիության պայմաններում էինք գործում: Նույնիսկ ընտանիքիս անդամները չգիտեին, թե ես իրականում ինչով եմ զբաղված: Ամենազարմանալի ճանապարհներով զենք էինք հայթայթում ու Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի աշխատողներով ջոկատներ կազմում, գնում` դիրքերում հերթապահություն անում: Ամեն ինչ այնքան բնականոն ստացվեց, որ չգիտեմ էլ` թե երբ սկսվեց: Հայրենիքիս զարկերակը զգալու անհաղթահարելի ձգտումն ինձ տարավ առաջնագիծ: Զուր էին հարազատներս փորձում ինձ համոզել, որ ջահել աղջկա համար ամուսնանալն ու երեխաներ ունենալն է հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը: Դրա ժամանակը չէր: Հայրենիքս արյունաքամ էր լինում…

1992-ին էր, Շուշին մերն էր արդեն, բայց Մարտակերտն ընկել էր: Ծանր օրեր էին: Սեպտեմբերի 2-ին զոհվեց Կարեն Առաքելյանը` մեր ջոկատի հրամանատարն ու մեր ընկերը, կորուստն անչափ ծանր էր: Կարենի գերեզմանին երդվեցի, որ մինչև մեր շարժումը չհասնի իր նպատակին, ես տուն չեմ գնա: Շարժման սկզբում արած-չարածը մի կողմ, հիմա պետք է առաջին գծում լինել, տղաների կողքին, տղաների թիկունքին:

Հուղարկավորության ժամանակ Բերձորի կապի աշխատող Գայանե Առուստամյանն էլ էր եկել: Դեռևս Կիչանում ու Փառուխում, ես բազմաթիվ անգամ ռացիայով խոսել էի Գայանեի հետ, բայց առաջին անգամ այդտեղ ծանոթացա հետը: Գայանեն միացավ ինձ: Ես գիտեի, որ շատ կանայք կան, ովքեր պատրաստ են զինվորագրվել պայքարին: Մեկը զոհված հարազատի վրեժն առնելու համար, մեկը` հանուն հայրենիքի ազատության, մեկ ուրիշն էլ` անպայման ինձ պես խենթ կլիներ… Գնացինք Կոմանդոսի մոտ ու պատմեցինք կանանց ջոկատ ստեղծելու մեր մտադրության մասին: Ազատագրված Բերձորով դեպի դուրսը շտապող ավտոշարասյունների ֆոնին` մեր քայլը զարմացրել էր նրան: Նա գրկեց մեզ ասելով. «Ես գիտեի, որ մեր հայ կանայք են մեզ առաջնորդելու դեպի մեր հաղթանակը»: Աֆղանական ու արցախյան պատերազմներում թրծված զինվորականի աչքերը թաց էին… Նա օգնեց մեզ հայտարարություններ գրել, որոնք մենք տարածեցինք քաղաքում` կամավոր կանանց հավաքագրելու համար: Շատերը դիմեցին, բայց մենք ընտրեցինք միայն նրանց, ովքեր պատրաստ էին առաջին գիծ մեկնել: Այդպես 25-30 հոգուց մնացինք 9 հոգի:

 

Արկադի Տեր-Թադևոսյանը մեզ տարբեր կուրսերի ուղարկեց. փրկարար ծառայությունում առաջին օգնություն ցուցաբերելը սովորեցինք, Շուշիի վաշտում` զենքի հետ ճիշտ վերաբերվելը: Վախի իսպառ բացակայությունն ու զենքի հանդեպ մեր սերը նկատելով, Միքայել Գաբրիելյանը, որ երկար տարիներ ՆԶՊ-ի ուսուցիչ էր աշխատում, ինձ ու Մարգարիտա Սարգսյանի հետ սկսեց առանձին պարապել: Մենք` երկուսով մեր մարտական ուղին շարունակեցինք որպես դիպուկահար, միացանք 8-րդ վաշտին ու եղանք ամենաթեժ կետերում: Եվ կռվում էինք, և առաջին օգնություն ցուցաբերում:

Հայրենիքի ազատության զոհասեղանի կրակը ոչ մի կերպ չէր ուզում հանգստանալ`ամեն օր նորանոր զոհեր պահանջելով: Մեզնից յուրաքանչյուրը պատրաստ էր այդ զոհը դառնալ: Նույնիսկ վիրավորվելու դեպքում, չէինք ուզում լքել մարտադաշտը:

Մի անգամ, մինչև Շուշիի ազատագրումն էր, Կիչանում էինք: Հայաստանից եկած Ալբերտ Բազեյանի ջոկատը մեզ մոտ էր: Նրա ջոկատից Մայիս անունով մի տղա գլխից վիրավորվում է: Ես, իհարկե, բժիշկ չէի, բայց առաջին օգնություն կարողանում էի ցուցաբերել: Վիրավորումը ծանր չէր, բայց քանի որ գլուխն էր վնասվել, առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո ՈւԱԶ֊ով բերեցինք Ստեփանակերտի հիվանդանոց: Բժիշկ Մարությանը նայեց, ասաց որ ճիշտ ենք վիրակապել, բայց վիրավորին պառկել է պետք: Մեր Մայիսը թե` որ մեռնեմ էլ, հիվանդանոցում պառկողը չեմ: Ես դիրքերում ավելի շուտ կապաքինվեմ: Չգիտեինք, ինչ անել: Ասում էի. «Այ տղա, բա որ չես պառկելու, էլ ինչի՞ ենք եկել հասել քաղաք»:

Հետ դառնալու բենզին էլ չունեինք: Այդ ժամանակ Արթուր Մկրտչյանը նոր էր Գերագույն խորհրդի նախագահ ընտրվել, Գեորգի Պետրոսյանն էլ նրա տեղակալն էր: Բենզինի համար սկզբում Գերորգի Պետրոսյանին դիմեցի: Նա չկարողացավ օգնել ինձ, դիմեցի Արթուր Մկրտչյանին: Երբ ներս մտա, քարտեզը սեղանին դրած, ուսումնասիրում էր: Կյանքում կան չէ այնպիսի բաներ, որոնք չեն մոռացվում, Արթուրի ժպիտը, հոգատար հայացքը, հարգալից վերաբերմունքն այդպիսինն էին, անհնար է մոռանալ: Քարտեզի վրա ես ցույց տվեցի այն դիրքը, որի ազատագրման ժամանակ էլ ունեցել ենք այն վիրավորը, որի հետ պիտի հետ դառայինք: Ռազմավարական բարձունք էր, որի համար մի քանի անգամ ծանր մարտեր էինք ունեցել: Կանչեց իր վարորդին` Վաղո էր անունը: Ասաց, որ իր մեքենայից հանի ամբողջ վառելիքն ու մինչև վերջին կաթիլը մեզ տա: Ասաց` ես ոտքով ման կգամ, այս մարդիկ պիտի առաջին գիծ հասնեն:

Ալբերտ Բազեյանի վիրավորվելուց ու հեռանալուց հետո ուրիշ ջոկատներ եկան Հայաստանից: Մի հրամանատար կար Սերգեյ անունով` «Քաչալ Սեգո» էինք ասում: Սրխավանդի մարտից առաջ եկավ, մոտեցավ ինձ ու վիրակապ խնդրեց: Ճիշտն ասաց, ես կոպտեցի նրան, որ մարտը դեռ չսկսած` վիրակապի հոգսն է անում: Գյուղի ազատագրումից հետո, Սեգոն ժիլետը հանեց ու սկսեց ինքն իրեն վիրակապել: Դու մի ասա, էս մարդը դեռևս Ղարադաղլու գյուղում էր վիրավորվել: Հիվանդանոցում պառկած էր: Երբ իմացավ, որ մեզ մոտ վիճակը ծանր է ու իր ջոկատը պիտի օգնության գա, հիվանդանոցից փախել-եկել էր մեզ մոտ: Նույնիսկ վիրահատութունից հետո կարերը դեռ չէին հեռացրել:

Ինչքան էլ հարուստ լինի հայոց լեզուն ու իմ բառապաշարը, ես չեմ կարողանա նկարագրել ամոթի ու ափսոսանքի այն աստիճանը, որից քիչ էր մնում մեռնեի: Սեգոյի կարերը քանդվել, վերքերը բացվել էին: Վերքերը մշակեցի ու առանց խնայելու մեղր քսեցի: Քիչ հետո եկավ, թե` աղջիկ ջան, էս ինչ ես արել: Մեղրն ամբողջ մարմնով մեկ իջել էր, հասել մինչև կոշիկները: Բայց ի՞նչ անեի: Մեղրը բուժեց նրա վերքերը, մենք էլ կարգին ընկերներ դարձանք:

1992 թ մարտի 8-ին ջոկատի տղաները ուզում էին աղջիկներին նվեր անել: Ասացի, ոչ մի բան չեմ ուզում, միայն ուզում եմ գնալ Գանձասար ու մի մոմ վառել, որ ողջ ենք, որ ամեն ինչ լավ է: Որպես հրամանատար` Սեգոն ՈւԱԶ մեքենա ուներ: Մեզ տարավ Գանձասար, մոմ էլ վառեցինք, աղոթք էլ արեցինք, հետո էլ մեզ քավոր կանգնեց, ես ու մեր ջոկատի Հասոն այդ օրը կնքնվեցինք:

Ես ոչ թե հաճախ եմ հիշում մարտադաշտում անցկացրած օրերս ու ընկերներիս, այլ ես հենց դրանցով էլ ապրում եմ: Ճիշտ է, ծանր վիրավորումն ու դրան հետևած վիրահատությունները ցաքուցրիվ են արել հիշողությունս, ու այն ավելի շատ նորոգվում է հենց մարտական ընկերներիս հանդիպելիս, այդուհանդերձ, այդ հիշողությունները միշտ ինձ հետ են: Դրանք իմ հարստությունն են: Մի քաղցր կարոտ կա այդ հուշերում, ուրախության ու թախիծի անբացատրելի համադրություն, կորուստներ ու ձեռքբերումներ, անկոտրուն ոգի, անմնացորդ նվիրում…

Գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Լրահոս
Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու առաջնագծում՝ Օմարի լեռնանցքում «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել Երեք ուրացում մեկ օրում «Պոբեդա»-ի ինքնաթիռը «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս վնասվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 20 Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը Ա.Աշոտյանը վատ հոտ է առել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Կոտայքի և Լոռու մարզերում Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնագիր է ցանկանում ԱՄՆ-ի հետ Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը Ժողովուրդն ասում է՝ ո՛չ, ուրեմն Ամուլսարը չպիտի շահագործվի. Նաիրա Զոհրաբյան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն Փաշինյանն այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Բացարձակորեն դեմ եմ. Արամ Ա Կաթողիկոսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (Տեսանյութ) Սպասվում է բավականին շոգ եղանակ Ամուլսարի հարցով քննարկում և բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ում. ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Երևան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan