Տանը լավ է | Ո՞ր թիմերն են ընթացիկ մրցաշրջանում լավ հանդես գալիս սեփական դաշտում
Նմանատիպ
Առանձնացրել ենք եվրոպական առաջնությունների այն թիմերին, որոնք լավագույնս հանդես են գալիս սեփական հարկի տակ:
«ՊՍԺ» – 20 հաղթանակ բոլոր առաջնությունների տնային 25 խաղում (80%)
Հաշվի առնելով, թե ինչպես է փարիզյան ակումբի ղեկավարությունը գնում աստղերի, և ինչպես է հիմնական հակառակորդ «Մոնակոն» վաճառում լավագույն խաղացողներին, դժվար չէ կռահել, որ Ֆրանսիայի գործող չեմպիոնը երկար կկրի երկրի ֆուտբոլային թագը: Ֆրանսիայի առաջնությունում «ՊՍԺ»-ն ամենաշատն է հաղթել (24), երկու պարտություն ունի, իսկ խփած ու բաց թողած գնդակների տարբերությունը 60 է: Ակումբի առաջընթացի մեծ բաժինը Զլատան Իբրահիմովիչնն է. շվեդ ֆուտբոլիստի անվան դիմաց 27 գնդակ կա, ինչն էլ 13-ով ավելի է նրան հետապնդող Էդինսոն Կավանիի արդյունքից: Վաղաժամ չեմպիոնությունը 30-րդ տուրում հաստատվեց, երբ Բլանի սաները 9:0 հաշվով հաղթեցին «Տրուային»: Կարելի է նաև Ֆրանսիայի գավաթի հույս ունենալ. մայիսին կայանալիք եզրափակչից նրանց միայն «Լորյանի» դեմ խաղն է բաժանում:
Լորան Բլանի սաների ցուցանիշները վկայում են, որ համապատասխան մակարդակ ունեցող թիմի հետ նրանք կարող են միայն Չեմպիոնների լիգայի շրջանակներում մրցել: «Չելսիի» դեմ երկու խաղերը, որոնց արդյունքում թիմը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, կոտրեցին կարծրատիպը, թե «ՊՍԺ»-ն եվրագավաթներում հաջող ելույթներ չի ունենում: Հաջորդը «Մանչեսթեր Սիթին» է:
«Ռեալ Մադրիդ» – 17/20 (85%)
Անցյալ ամռանը Ֆլորենտինո Պերեսն առնվազն երկու անգամ վիրավորեց երկրպագուների զգացմունքները: «Ռեալի» նախագահը չերկարաձգեց դարպասապահ Իկեր Կասիլյասի պայմանագիրը և հեռացրեց Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը նվաճած Կարլո Անչելոտիին: Եթե առաջին որոշումը բավականին զգացմունքային երանգ ուներ, ու հիմա Կեյլոր Նավասն ապացուցում է՝ արժանի է լինել մեկնարկային կազմում, ապա երկրորդը դժբախտություն ծնեց: Կարլոն հիանալի հարաբերություններ ուներ գործընկերների հետ, իսկ նրան հաջորդած Ռաֆայել Բենիտեսը մայրաքաղաքում կարիերա կերտել չկարողացավ և հունվարին հեռացվեց աշխատանքից: Բենիտեսին փոխարինման եկավ լեգենդար Զինեդին Զիդանը: Ֆրանսիացու՝ որպես մարզիչ, կերպարը դեռևս միանշանակ չէ, բայց ֆուտբոլիստները նշում են՝ նա թիմին վերադարձրել է միասնությունը: Ինչպես արդյունքներն են ցույց տալիս, մադրիդցիները դժվար հասնեն կատալոնացիներին, իսկ ահա «Ատլետիկոյից» 1 միավորով են հետ: Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Ռեալը» հանդիպելու է «Վոլֆսբուրգին», իսկ սա նշանակում է՝ կիսաեզրափակիչ հասնելու հնարավորությունը մեծ է:
Հատկանշական է, որ անկախ խնդիրներից, «Ռեալն» Իսպանիայի առաջնության շրջանակում 2 անգամ է պարտվել «Սանտայգո Բեռնաբեուում», մեկ անգամ էլ ոչ-ոքի է խաղացել, իսկ հաղթանակները մեծամասամբ ջախջախիչ են: Անհաջող մրցակիցների դերում հանդես են եկել «Բարսելոնան» (0:4), «Մալագան» (0:0) և «Ատլետիկոն» (0:1):
«Բորուսսիա Դորտմունդ» – 18/21 (85.7%)
Թոմաս Թուխելը Դորտմունդում փոխեց ամեն ինչ: Ամռանը նա 6 տարվա աշխատանքից հետո հեռացավ «Մայնցից» և տեղափոխվեց ճգնաժամի մեջ գտնվող «Բորուսսիա»: Գերմանացին հիմնովին սկսեց թիմի վերանորոգումը, փոփոխությունները սկսվեցին հավաքներից ու ավարտվեցին մարտավարական սխեմայով: Դորտմունդցիներն այժմ 5 միավորով են զիջում «Բավարիային» և հասել են Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ, որտեղ մրցելու են Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» հետ: Թիմի դրությունը շտկելու աշխատանքներին նպաստել են տնային խաղերում տարած հաղթանակները:
«Սևիլյա» – 21/24 (87.5%)
Շատերը կարծում էին, որ «Սպարտակում» աշխատելուց հետո Ունայի Էմերիի կարիերան անկում է ապրել, բայց հետագա զարգացումները հակառակը ցույց տվեցին: Մոսկվայից հեռանալուց հետո նա «Սևիլյայի» հետ 2 անգամ անընդմեջ հաղթեց Եվրոպայի լիգայում:
Իսպանիայի առաջնությունում թիմը 48 միավորով 5-րդ տեղն է զբաղեցնում, իսկ միավորների մեծ մասը սեփական դաշտում է ձեռք բերել: Ո՛չ «Ռեալը», ո՛չ էլ «Բարսելոնան» չկարողացան «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում գոնե ոչ-ոքիի հասնել: Էմերիի սաներն առաջնությունում դեռևս զգալի հաջողություն չունեն, փոխարենը սեպտեմբերից տնային հանդիպումների հաղթանակների թիվը հասցրել են 12-ի: Բոլոր մրցաշարերը հաշվի առնելով՝ ձեռքբերումներին ավելացնում ենք նաև Արքայի գավաթի 4 հաջողակ խաղերը և Եվրոպայի լիգայի հաղթանակները: ԵԼ-ի 1/4 եզրափակչում էլ Էմերիի թիմը մրցելու է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ:
«Բարսելոնա» – 23/25 (92%)
Մրցաշրջանի ավարտից երկուսուկես ամիս առաջ կատալոնացիները հավակնում են երկրորդ անընդմեջ «Ոսկե հեթ-տրիկին» հասնել: Լա լիգայում թիմն «Ատլետիկոյի» նկատմամբ 9 միավորի առավելությունն ունի և պատրաստվում է մադրիդցիների դեմ նաև ՉԼ-ի 1/4 եզրափակչում խաղալ: Մայիսին նրանց նաև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչն է սպասում, այս անգամ արդեն «Սևիլյայի» դեմ: Լուիս Էնրիկեն դեռ անցյալ մայիսին շատերի համար նոր Պեպ դարձավ, իսկ Մեսսի-Սուարես-Նեյմար եռյակը ֆուտբոլասերները երբևէ եղածներից լավագույնն են համարում:
«Նոու Կամպում» անցկացրած խաղերի վիճակագրությունն այս ամենի հաճելի լրացումն է: «Բարսելոնան» օգոստոսից մինչև այսօր չի պարտվել սեփական հարկի տակ. երկրի Սուպերգավաթի շրջանակներում «Բիլբաոյի» դեմ խաղում ոչ-ոքի է գրանցվել (1:1): Իսպանիայի առաջնության շրջանակներում էլ «Բարսան» 2:2 հաշվով բաժանվել է «Դեպորտիվոյից»: Եվրոպայի ամենամեծ մարզադաշտում «Բարսելոնան» հաղթել է «Բայերի», «Ռոմայի» և «Արսենալի»… պես ակումբներին, իսկ ապրիլի 2-ին հյուրընկալելու է Մադրիդի «Ռեալին»:
«Բավարիա» – 17/18 (94.4%)
Այն սկզբունքները, որոնք Խոսեպ Գվարդիոլան Գերմանիա ոտք դնելու հենց առաջին օրվանից ներմուծեց մյունխենյան ակումբում, աշխատում են մինչև այսօր և ակումբի հաջողությունների հիմնական գրավականն են համարվում: «Բավարիան» Բունդեսլիգայի առաջին թիմն է, Գավաթի կիսաեզրափակչի մասնակիցը, ֆավորիտներից մեկը Չեմպիոնների լիգայում, որտեղ «Բենֆիկայի» դեմ առաջիկա խաղը շարքային աշխատանք է թվում:
«Ալյանց Արենան» Գերմանիայի գործող չեմպիոնների համար իսկական ամրոց է: Այնտեղ են նրանք միավորների մեծ մասը վաստակել, հետևում թողել Բունդեսլիգայի թոփ-թիմերին: Մարտի սկզբին «Մայնցից» սեփական հարկի տակ կրած պարտությունն առաջինն էր մրցաշրջանում: Մյուս դեպքերում 100%-անոց արդյունք է: Մյունխենցիներն իրենց մարզադաշտում էլ անցկացրին մրցաշրջանի դեռևս գլխավոր հանդիպումը՝ դրամատիկ պայքարում հաղթելով «Յուվենտուսին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում