Շուշան Պետրոսյան. Խաղաղաշինության հիմքը համարում եմ դաստիարակությունն ու կրթությունը

Շուշան Պետրոսյան. Խաղաղաշինության հիմքը համարում եմ դաստիարակությունն ու կրթությունը

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի ելույթը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի «Կանայք խորհրդարաններում» գլոբալ ֆորումի ընթացքում.

Շնորհակալ եմ այս հրավերն ունենալու ու խոսքս լսելի դարձնելու հնարավորությունը ստեղծելու համար: Անկեղծ ասած, շատ օրիգինալ չեմ լինի, եթե սկսեմ պատմել համաշխարհային բիզնեսի պատմության մեջ կանանց դերի, տարած հաղթանակների, նորարարություններ ներմուծելու բազում օրինակների մասին: Թերևս միայն հիացմունքս արտահայտեմ:

Իսկ ավելի կոնկրետ ուզում եմ խոսել խաղաղաշինության, կրթական ոլորտում կնոջ դերի մասին: Ունենք Լիբերիայի, Կիպրոսի, Բոսնիայի, Հարավային Աֆրիկայի օրինակները, որտեղ կանայք առանցքային դերակատարում են ունեցել խաղաղության հաստատման համար:

Ավաղ, զինված հակամարտությունների ժամանակ հիմնական թիրախ են դառնում կանայք ու երեխաները ու առաջարկներիցս մեկը հետևյալն է. ցանկալի է, որ լարված տարածաշրջաններում, գոնե տեսականորեն, կանայք տիրապետեն պաշտպանական և ինքնապաշտպանական ինչ-որ տեխնոլոգիաների, այսինքն այդ հնարները սովորեցնելու հատուկ ծրագրեր մշակվեն ու մատուցվեն:

Խաղաղաշինության հիմքը համարում եմ դաստիարակությունն ու կրթությունը, և քանի որ երկու դեպքում էլ դոմինանտ է կանանց դերը, կարծում եմ պետք է աշխատենք ու անելու շատ բան կա: Եվս մի հավելում.հեռու եմ այն մտքից, որ 21-րդ դարի արժեքային համակարգում էականորեն պետք է տարբերվեն կանանց առաքելություններն ու դերը ըստ տարածաշրջանների: Ցանկալի է նման շատ կարևոր ֆորումներում տեսնել նաև չճանաչված պետությունների ներկայացուցիչ կանանց: Ի վերջո, այդ պետությունները Երկիր մոլորակի մի մաս են կազմում, ու եթե, կնոջ դերն ու առաքելությունը երեխա ծնելն է, դաստիարակելն ու խաղաղասիրություն սերմանելով կրթելը՝ ապա բնավ կարևոր չէ, թե կինը հատկապես որ պետությունն է ներկայացնում` ճանաչված է թե ոչ:

Այսօրվա առաջնային մարտահրավերները խաղաղ ու կայուն մոլորակ ունենալ է, առանց որի ռիսկային ու անհնար են դառնում զարգացումները բոլոր ուղղություններով: Պետք է աստիճանաբար հաղթահարել խտրական վերաբերմունքն ու այն իրավական սահմանափակումները, որոնք կարող են ցանկացածին հնարավորություն տալ գործելու և դրսևորվելու:

Կարծում եմ՝ նման ֆորումներում կարևոր է հատկապես նման պետությունների կանանց ներկայությունը: Այդ պետություններից մի քանիսն ուղղակի այսօր, հիմա հակամարտությունների մեջ են ու ամենաճիշտ թիրախն են խաղաղասիրական ծրագրեր իրականացնելու համար: Շատ եմ կարևորում կրթական ոլորտը ու, պետության գեոպոլիտիկան հաշվի առնելով, պետք է չափազանց նուրբ մշակել կրթական ծրագերը, ուր երկրի սահմանը պահող ապագա զինվորն ու խաղաղասերը մի ամբողջություն կլինեն: Սա կարևոր է հատկապես հակամարտող տարածաշրջաններում, եթե, անշուշտ, հարյուրամյա պատերազմի էպոպեան գայթակղիչ չէ որոշ արկածախնդիրների համար: Այնուամենայնիվ կա մի առաքելություն, որով կինն առանձնանում է իր կեսից, դա մարդակերտման իր շնորհն է: Ի վերջո, ինչ է ուզում կինը. խաղաղություն, առողջ զավակներ, որ փայլուն ուսում կստանան ու կմեծանան լավ, խելացի ու իրենց պետությանն արժանի քաղաքացիներ:

Եվ այսպես ունենք՝

֊ Կինը` մայր, որի ծնողական ուշադրությունը, սերը, խնամքը մեծացնում են դրական մարդու, սերմանում են բարձր արժեքներ ու աստվածահաճո գործեր անելու պատրաստակամություն:

֊ Կինը՝ բարեգործ ու միսիոներ, ով պատրաստ է ինքնազոհության և օգնության դժվարին իրավիճակներում, այդ թվում համակարտության գոտում հայտված մարդկանց:
Կինը՝ մանկավարժ, որ հնարամիտ է ցանկացած իրավիճակներում կրթելու և միջանձնային հարաբերություններում դրական մթնոլորտ ձևավորելու:

֊ Կինը՝ մշակութային գործիչ, երբ մշակույթի ուժը կնպաստի դեպրեսիվ վիճակում հայտնված մարդկանց հոգևոր վերականգնմանը, ծառացած խնդիրները արվեստի ուժով միջազգային հանրությանն ու մարդկությանն առհասարակ լսելի կդարձնի:

֊ Կինը` բժիշկ, ով պատրաստ է հանուն մարդկային կյանքի աշխատել ցանկացած պայմաններում:

֊ Կինը` գործարար, ով պատրաստ է կատարել ներդրումներ կոնֆլիկտային գոտիներում, մասնակցություն ունենալ հետպատերազմյան վերականգնողանական աշխատանքներում, ստեղծել աշխատատեղեր ու հնարավորություններ արժանապատիվ կյանքի համար:

֊ Կինը՝ քաղաքական գործիչ, որն ունի պետականության զգացում, պարտքի ու պատասխանատվության զգացում և կարող է ազգային և միջազգային բարձր ամբիոններից լսելի դարձնել խնդիրները, գտնել իրավական պայքարի մեխանիզմներ ու լծակներ:

Չճանաչված պետություններում կանանց բիզնեսի, նոր գաղափարների, ծրագրերի մասին խոսելն այսօր ռեալ չէ, քանի որ հիմնականում նրանց խոսք ու գործը լսելի ու տեսանելի չեն: Արտաքին կապերը, տարբեր մշակույթներ ներկայացնող կանանց շփումները, փորձի փոխանակումը ավելի են նպաստում համահունչ զարգացմանը, խնդիրների բարձրաձայնմանն ու գուցե իրար հետ, մեջ մեքի ինչ-որ լուծումներ գտնելու գործընթացներին: Տպավորությունս կարող եմ որակավորել մեկ բառով՝ մեկուսացում, ինչն էլ անընդունելի է, քանի որ մենք՝ կանայքս, ունենք գրեթե նույն խնդիրները, առաքելությունն ու ինչու չէ, նաև հույզերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում