Թուրքիայի ոսկերիչներն իրենց բիզնեսները տեղափոխում են Հայաստան. «Hurriyet»

Թուրքիայի ոսկերիչներն իրենց բիզնեսները տեղափոխում են Հայաստան. «Hurriyet»

Վերջին շրջանում Թուրքիայի ոսկերչական արտադրանքի վրա Ռուսաստանի կողմից կիրառվող բարձր մաքսատուրքերի պատճառով դժվարացել է արտադրանքի արտահանումը Ռուսաստան:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Ստամբուլի հայտնի «Փակ շուկայի» (Քափալըչարշը) ոսկերիչները արտադրություն կազմակերպելու համար հայացքներն ուղղել են դեպի Հայաստան և Իրան: Աղբյուրը նշում է, որ Իրանի նոր բացված շուկայում իրենց տեղն ունենալու համար Ստամբուլի ոսկերիչները սկսել են մասնակցել այդ երկրում կազմակերպվող ցուցահանդեսներին ու քայլեր են ձեռնարկում այնտեղ համատեղ արտադրություններ սկսելու ուղղությամբ, փոխանցում է  Ermenihaber.am-ը:

Մյուս կողմից էլ Ստամբուլի «Քափալըչարշը»-ի և Քույումջուքենթ թաղամասում կենտրոնացված ոսկերիչները Ռուսաստանի կողմից սահմանված 42 տոկոսանոց հարկից խուսափելու նպատակով սկսել են քայլեր ձեռնարկել Հայաստանում արտադրություն կազմակերպելու ուղղությամբ: Նշվում է, որ բազմաթիվ ոսկերիչներ, որոնց մեծամասնությունը հայկական ծագում ունի, նախընտրում են Հայաստանը, քանի որ այստեղ աշխատուժը համեմատաբար ավելի էժան է:

«Ոսկերիչները գնում են ավանդաբար բարձրակարգ ոսկերիչ ու արծաթագործ վարպետներով հայտնի այդ երկիր, կազմակերպում իրենց արտադրությունը և այնտեղից էլ արտահանում Ռուսաստան և հետխորհրդային տարածքի երկրներ»,- գրում է թուրքական թերթի կայքը` ավելացնելով, որ այդպիսով թեթևանում է նաև ԵՏՄ երկրների ոսկերիչների ծանրաբեռնվածությունը:

Աղբյուրը նշում է, որ «Քափալըչարշը» այցելող զբոսաշրջիկների թվի զգալի անկում է նկատվում, ինչի պատճառներից մեկն էլ շուկայում գործունեություն ծավալող ոսկերիչների Հայաստան տեղափոխվելն է: Ըստ կայքի` «Քափալըչարշը»-ի ամենահայտնի ոսկերչական սրահներից 5-6-ն արդեն տեղափոխվել են Հայաստան ու այստեղ են շարունակում իրենց գործունեությունը:

Պնդումներ կան, որ Հայաստանից ոսկերչական արտադրանքը մաքսանենգ ճանապարհներով անցկացվում է Թուրքիա, ինչը հարկերի կորստի պատճառ է դառնում:

«Ոլորտի պատասխանատուները և տեղափոխված ընկերությունների տերերը չեն ցանկանում այս թեմայով խոսել: Հիմնական վախը Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող էմբարգոն է»,– գրում է թուրքական աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում