Հալեպում ուժի մեջ է մտել «լռության ռեժիմը»
Նմանատիպ
Հալեպում մայիսի 5-ի ժամը 01:00-ից ուժի մեջ է մտել «լռության ռեժիմը»: Ինչպես հայտարարել է Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը, Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքում կրակը պետք է ամբողջովին դադարեցվի 48 ժամով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սուրիա» հեռուստաալիքին:
Միաժամանակ երկարացվել է «լռության ռեժիմի» գործողությունը Դամասկոսի մերձակա Արեւելյան Գուտա տարածաշրջանում եւ Լաթաքիայի նահանգի հյուսիսում: Ռազմական գործողություններն այնտեղ դադարեցվել էին ապրիլի 30-ին ռուսական եւ ամերիկյան կողմերի նախաձեռնությամբ:
Փորձագետներն այն կարծիքին են, որ Սիրիայում հրադադարի ճակատագիրն այժմ մեծապես կախված է այն բանից, թե կհաջողվի արդյոք կանգնեցնել մարտական գործողությունները Հալեպում: Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ընդգծել է, որ «Հալեպում կրակի դադարեցումը կնպաստի Ժնեւում միջսիրիական բանակցությունների վերսկսմանը»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մայիսի 4-ի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը հորդորել է Սիրիայի հակամարտության բոլոր կողմերին՝ «անհապաղ կատարել Հալեպում հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքում վերջին շաբաթներին «զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ տասնյակ կանայք ու երեխաներ»:
Նա կոչ է արել անհապաղ վերջ դնել «Հալեպում իրականացվող սպանդին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում