Ապրիլին Ջավախքում հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպը Վրաստանում ՀՀ դեսպանի ուշադրության կենտրոնում է

Ապրիլին Ջավախքում հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպը Վրաստանում ՀՀ դեսպանի ուշադրության կենտրոնում է

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ախալցիխեում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած տհաճ միջադեպը շարունակում է մնալ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ուշադրության կենտրոնում: Փաստի առթիվ կա հարուցված քրեական գործ, և Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը շարունակում է հանդիպումներ և հեռախոսազրույցներ ունենալ Վրաստանի պաշտոնատար անձանց հետ՝ հարցին արդարացի լուծում տալու ակնկալիքով:

Ինչպես տեղեկացրին Վրաստանում հայաստանի դեսպանությունից, մայիսի 15-ին դեսպան Վարդանյանն այս խնդրով հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ, որի ժամանակ նահանգապետը խոստացել է իր ուշադրության կենտրոնում պահել հարցն ու հետևողականորեն ամեն ինչ անել խնդրի արդարացի լուծման համար: Իր հերթին դեսպան Վարդանյանը նկատել է, որ նմանատիպ միջադեպերը չպետք է ստվերեն հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու կրկին շեշտել է միջադեպի արդարացի լուծման անհրաժեշտությունը: Դեսպան Վարդանյանը աշխատանքային շաբաթվա ավարտին կմեկնի Սամցխե-Ջավախեթի՝ հանդիպելու տեղի հայ բնակչության հետ:

Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդության համաձայն բարձրացել են իրենց սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով իրենց գյուղացիների կողմից կառուցված և գյուղի տարածքում գտնվող սրբավայր` հանդիպել են տեղում խնճույք կազմակերպած ու ոչ սթափ վիճակում գտնվող մարդկանց: Նրանք եղել են հարևան Վալե քաղաքից, ու, չհասկանալով հայ երիտասարդների ուզածը, կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Արդեն կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից բերման է ենթարկել երիտասարդներին: Բերման ենթարկված հայ երիտասարդները տեղեկացրել են, որ ոստիկանությունում նրանց բռնության են ենթարկել, ծաղրական արտահայտություններ են թույլ տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում