Քլինթոնին օգտագործելով որպես գործիք, Օբաման փորձում է ընտրապայքարից դուրս մղել Թրամփին

Քլինթոնին օգտագործելով որպես գործիք, Օբաման փորձում է ընտրապայքարից դուրս մղել Թրամփին

ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ նախագահ Բարաք Օբաման իր աջակցությունն է հայտնել Դեմոկրատական կուսակցության թեկնածուներից` Հիլարի Քլինթոնին: Քլինթոնի թվիթերյան էջում տեղադրված տեսահոլովակում նախագահը նշել է, որ Քլինթոնը նախագահական պաշտոնի համար լավագույն թեկնածուն է և կոչ արել իր հետևորդներին նույնպես աջակցել նրան:

Սակայն Դեմոկրատական կուսակցության երկրորդ թեկնածուի Բեռնի Սանդերսի կողմնակիցների ցուցանիշը ավելի բարձր է, քան Քլինթոնինը: Սանդերսը վարում է անբասիր, սկանդալներից զուրկ աշխատանքային գործունեություն, մինչդեռ Քլինթոնը գտնվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) լուրջ հետաքննության տակ իր անձնական փոստարկղը պաշտոնական հաղորդակցությունների նպատակով օգտագործելու համար: Օբաման ինքն է ասել, որ Սանդերսը ուժեղ քարոզարշավ է վարել և իր ազդեցությամբ ստիպել Քլինթոնին ավելի լավ թեկնածու դառնալ:

Հետևաբար` ինչո՞ւ է ԱՄՆ նախագահը աջակցություն ցուցաբերում քրեական հետախուզության տակ գտնվող և ժողովրդի համակրանքը չվայելող Քլինթոնին, այլ ոչ թե գովասանքի արժանացած Սանդերսին:

Համեմատելով Օբամայի և Քլինթոնի քաղաքականությունը, ԱՄՆ նախագահի դիրքորոշումն ավելի ակնհայտ է դառնում: Օբամայի՝ երկրի պաշտպանության, տնտեսության, ներքին գործերի և նույնիսկ անհատի իրավունքների մասին կարծիքը գրեթե ամբողջությամբ համընկնում է Քլինթոնի հետ:

Հարկ է նշել, որ Սանդերսի հետևորդների մեծ մասը նաև Օբամայի կողմնակիցներն են: Այսինքն, չնայած նրան, որ Քլինթոնի վարկանիշը խիստ ցածր է Սանդերսի ընտրազանգվածի մոտ, նրանցից շատերը կանցնեն Քլինթոնի կողմը, եթե նա ընտրվի դեմոկրատական կուսակցության թեկնածու:

Իր հայտարարությամբ Բարաք Օբաման փաստացի ընտրապայքարի մեջ մտնում է Սանդերսի հետ՝ օգտագործելով իր վարկանիշը Քլինթոնի համար հետևորդներ ձեռք բերելու համար: Մինչդեռ դեմոկրատական իրական թեկնածուներից միակը Սանդերսն է, ում վարկանիշը դրական է (Սանդերս. դեմ`40.9% կողմ`48.8%, Քլինթոն. դեմ`54.4% կողմ`43.1%):

Այս քայլով Օբաման կկարողանա միավորել դեմոկրատական կուսակցությունը, և ուղղել այն դեմոկրատների իրական թշնամու` Դոնալդ Թրամփի դեմ, ով օրեցօր ավելի սիրված է դառնում:

Իր թվիթերյան հայտարարության մեջ նախագահը նշել է, թե որքան կարևոր է դեմոկրատական կուսակցության միասնականությունը և նրանց միավորող արժեքները՝ մեծահոգությունը, արդարությունը, հավասար հնարավորությունները: Նա հավելել է, որ «դրանք այն արժեքներն են, որոնք Ամերիկան հզոր են դարձնում և որոնք փորձարկվելու են այս ընտրությունների ընթացքում»:

Նման հայտարարությունները կարելի է որակել որպես նուրբ ակնարկ Թրամփի խիստ պահպանողական սոցիալական քաղաքականությանն ու միևնույն ժամանակ Քլինթոնի վարկանիշը բարձարցնելու փորձ:

Սակայն դեմոկրատների մեջ Թրամփի նախագահությունը վախ է առաջացնում ոչ միայն սոցիալական, այլ նաև տնտեսական հնարավոր խնդիրների պատճառով. ըստ Moody’s Analytics-ի հրապարակած զեկույցի, Դոնալդ Թրամփի նախագահության դեպքում ԱՄՆ-ում կկրճատվի 3.5 մլն աշխատատեղ ու գործազրկությունը այժմյան 5.5%-ից կաճի մինչև 7%:

Այսպիսով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հայտարարությամբ փորձում է ընտրապայքարից դուր մղել Թրամփին՝ Քլինթոնին օգտագործելով որպես գործիք:

Սեդա Մանուչարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում