Քաղցկեղից մահացության ցուցանիշը Հայաստանում կազմում է շուրջ 20%

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են’ կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվի հիվանդության 20 միլիոն նոր դեպք, չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալներով`հանրապետության չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր կառուցվածքում 2011 թվականին չարորակ նորագոյացությունները կազմել են շուրջ 20 %: Մահացության ցուցանիշը 100 000 բնակչի հաշվով 2011-ին կազմել է 169.9:

Չարորակ նորագոյացությունների տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ 2011 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունը Հայաստանի չափահաս բնակչության ընդհանուր հիվանդացության կառուցվածքում կազմել է 3.4%, իսկ առաջնակի ախտորոշված հիվանդացությունը’ 1.5%:

Վիճակագրական տվյալների համաձայն հանրապետության տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի և շնչափողի, բրոնխների (ընդհանուր’ 1235), իսկ կանանց մոտ կրծքագեղձի (1150), արգանդի վզիկի (288) չարորակ նորագոյացությունները:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 2011 թվականի տվյալներով շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից հիվանդացությունը 6 անգամ գերազանցել է տղամարդկանց մոտ, ինչը մեծապես պայմանավորված է նրանց շրջանում ռիսկի գործոններով (ծխախոտի օգտագործման տարածվածության բարձր ցուցանիշով) և հիվանդության ուշ հայտնաբերմամբ:

Հաշվի առնելով այդ հանգամանքը’ ՀՀ կառավարությունը 2011թ. հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (այդ թվում’ չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի) վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերը և միջոցառումների իրականացման ցանկերը: Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում նվազեցնել չարորակ նորագոյացություններով հիվանդացության, բարձիթողության և դրանցից հաշմանդամության ու մահացության ցուցանիշները:

Միաժամանակ, հիվանդանոցային համակարգի հետագա արդիականացման նպատակով 2012-2014 թվականների ընթացքում կարդիականացվի պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: Այստեղ կստեղծվի ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում առաջին բաժանմունքը։ Կիրականացվի նաև կենտրոնի բժշկական անձնակազմի մասնագիտական կրթում և վերապատրաստում’ արտերկրի առաջատար բժշկական և կրթական հաստատություններում:

Բացի այդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող երկարաժամկետ ծրագրով Երևանում կկառուցվի մինչև 200 մահճակալ ունեցող գերժամանակակից բազմաֆունկցիոնալ «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն»։ Տարածաշրջանում եզակի այդ կենտրոնը կունենա հիվանդության ախտորոշման և բուժման արդի բոլոր հնարավորությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում