Գյումրիում ՏԻՄ ընտրությունների առաջադրումներն ավարտվել են

Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների առաջադրումներն ավարտված են: Ընտրապայքարի մեջ է 10 կուսակցություն և 1 դաշինք՝ ընդհանուր 422 թեկնածու:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին 18:00-ին թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտեց փաստաթղթերի ընդունման գործընթացը: Այս ընթացքում «պայքարելու» համար իրենց փաստաղթերն էին ներկայացրել «Ալյանս» կուսակցությունը՝ ավագանու 23 թեկնածուի ցուցակով, որը գլխավորում է Արմեն Բադալյանը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 17 թեկնածու՝ Արթուր Համբարձումյանի գլխավորությամբ, ԲՀԿ-ն 49 թեկնածու՝ Վարդևան Գրիգորյան, «Գյումրեցու ոգին»՝ 16 թեկնածու՝ Արմեն Ներսիսյան, ԳԱԼԱ-ն՝ 24 թեկնածու՝ Վահան Խաչատրյան, ՀՅԴ-ն՝ 33 թեկնածու՝ Աշոտ Կուրղինյան, «Հայկական վերածնունդը» 90 թեկնածու՝ Հովհաննես Մարգարյան, ՀԱԿ-ը՝ 22 թեկնածու՝ Եպրաքսիա Սիմոնյան, «Գործարար» կուսակցությունը՝ 16 թեկնածու՝ Գեղամ Բաղդասարյան, «Համախմբում» կուսակցությունը՝ 33 թեկնածու Հովհաննես Ասոյան: Ավագանու ամենաշատ` 99 թեկնածուների է առաջադրել ՀՀԿ-ՔԴԿ դաշինքը, որը, սատարելով գործող քաղաքապետին, ներկայանում է որպես «Բալասանյան» դաշինք: Ըստ նոր ընտրակարգի, կուսակցություններն ունեն 15-99 թեկնածու առ աջադրելու իրավունք, մինչդեռ, դաշինքները` նվազագույնը 25:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 34 ԸԸՀ-ի նախագահ Էդվարդ Բաղրամյանը, ըստ գործող կարգի օգոստոսի 29-սեպտեմբերի 2-ը սահմանված է գրանցման ժամկետ՝ ներկայացված փաստաթղթերը ևս մեկ անգամ ուսումնասիրվում են, կատարվում են գրանցումներ: «Այն կուսակցությունները, որոնք չունեն խնդիրներ և ոչ էական սխալներ թույլ չեն տվել, մեքենայաբար համարվում են գրանցված…Այս պահին գրեթե չունենք նման խնդիրներ, քանի որ մինչ այդ մեր կողմից կատարվել են համապատասխան աշխատաքներ այդ սխալները բացառելու համար»,-նշե ց հանձանժողովի նախագահը:

Գյումրին այս ընտրություններին ունենալու է 82 տեղամաս: Արդեն ձևավորված են տեղամասերը, պատրաստ նախնական ցուցակները՝ 126 հազար ընտրող:

Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին: Այս անգամ այս երկու քաղաքներում ընտրություններն անցկացվելու են նոր ընտրակարգով՝ անցկացվելու են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով, և այդ ավագանու կազմից էլ ընտրվելու է քաղաքապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում