ՄԱԿ-ի ԱԽ-ն քվեարկելու է Հալեպում հրադադարի հաստատման բանաձեւի շուրջ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ինչպես սպասվում է, դեկտեմբերի 5-ին քննարկվելու է Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի հաստատման բանաձեւը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են համաշխարհային կազմակերպության դիվանագետները:

Փաստաթղթում ասված է, մասնավորապես, որ «սիրիական հակամարտության բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն գրոհները Հալեպ քաղաքում եւ ապահովեն մարդասիրական օգնության ցուցաբերումը»: Եգիպտոսի, Նոր Զելանդիայի եւ Իսպանիայի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը բավական երկար ժամանակ քննարկվում էր շահագրգիռ երկրների կողմից եւ Հալեպում զինադադար է նախատեսում յոթ օրով: Ավելի վաղ փաստաթղթի տեքստում հրադադար էր առաջարկվում 10 օրով:

Միաժամանակ, ինչպես նշում են ԶԼՄ-ները, Կանադան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ է նախաձեռնել Սիրիայի հումանիտար իրադրության շուրջ, սակայն դրա անցկացման ամսաթիվը դեռեւս որոշված չէ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում