ԿԲ. Կայուն տնտեսական աճը գնահատվում է 5.5%

2012 թվականին շարունակվել են ՀՀ տնտեսությունում տնտեսական ներուժի ավելացման միտումները. կայուն տնտեսական ներուժի աճը ՀՀ ԿԲ կողմից գնահատվում է 5.5%՝ նախորդ ժամանակահատվածում գնահատված շուրջ 4.5%-ի փոխարեն: Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի Դրամավարկային քաղաքականության 2012 թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունում:

Ըստ հաշվետվության՝ տնտեսական ներուժի ավելացման հիմնական գործոններ են վարկավորման ծավալներում առաջարկը խթանող (տնտեսության ներուժն ավելացնող) վարկերի տեսակարար կշռի աճը (2009-2012 թթ. աճել է շուրջ 12 տոկոսային կետով՝ 2012-ին կազմելով 33.3%) և օտարերկրյա ներդրումների կառուցվածքում՝ արդյունաբերության ճյուղում իրականացված ներդրումների տեսակարար կշռի աճը (2009-2012 թթ. աճել է շուրջ երկու անգամ՝ 2012-ին կազմելով 60%):

Ձեռնարկությունների ներդրումային գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԲ կողմից իրականացված հարցումների տվյալները ևս վկայում են, որ ձեռնարկությունների՝ արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը շարունակաբար մեծանում է: Բացի այդ, մեքենասարքավորումների և այլ արտադրողական կապիտալի ձեռքբերմանը նպատակաուղղված ներդրումներն այս ճյուղերում գրեթե հասել են նախաճգնաժամային մակարդակին, ինչը կարող է վկայել տնտեսությունում արտադրողականության աճի մասին: ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն՝ 2012 թ. տնտեսական աճին արտադրողականության գործոնի նպաստումը նախորդ տարվա համեմատ ավելացել է:

Բարձր տնտեսական ներուժի ձևավորմանը զուգընթաց, 2012 թ. դիտվել է գյուղատնտեսության թողարկման ծավալների աննախադեպ բարձր աճ (2012 թ. գյուղատնտեսության ավելացված արժեքի աճը գնահատվում է 9.5 – 10%), որն էլ հիմնականում նպաստել է տարվա ընթացքում ներուժից բարձր՝ շուրջ 7.0% տնտեսական աճի ձևավորմանը: Գյուղատնտեսության բարձր աճը և դրա արդյունքում՝ պարենային ապրանքների (մասնավորապես՝ միրգ և բանջարեղեն ապրանքախմբեր) գների՝ պատմական միջինից ձևավորված բավականին ցածր մակարդակները նպաստել են մասնավոր իրական սպառման հավելուրդային աճի արձանագրմանը: Մասնավորապես, ԿԲ գնահատումներով, 2012 թ. մասնավոր իրական սպառման տարեկան աճը ակնկալվում է 10.5%, իսկ տարեկան գնաճը կազմում է 3.2%՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում (միջին գնաճը 2012-ին կազմել է 2.6%): Մասնավոր իրական սպառման բարձր աճը ՀՀ ԿԲ կողմից գնահատվում է որպես առաջարկի շոկի հետևանք, որը այնուամենայնիվ ժամանակավոր բնույթ ունի, քանի որ գյուղատնտեսության թողարկման մեծ ծավալները առավելապես պայմանավորված են եղել բարենպաստ բնակլիմայական պայմաններով, որոնք հաջորդ տարիներին հնարավոր է նույնը չլինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում