«Ամեն մեկն իր գործով թող զբաղվի». Գ.Սահակյանն անդրադարձել է Սերժ Թանկյանի նամակին

«Հանրապետական կուսակցությունը երբեք իր արժեհամակարգից դուրս չի եկել: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ի վերաբերյալ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի նամակում տեղ գտած հարցադրումներին հակադարձեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Թանկյանի գրածին’ «Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել, եւ օլիգարխների խավիարը վերջացել է եւ նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանան» ի պատասխան, պարոն Սահակյանը հավելեց. «Շատ լավ է, որ լավ հայ ունենք արտասահմանում, խոսք է ասում, բայց քաղաքական տեսակետից գնահատական չեմ ուզում ասել: Էլի եմ ասում` ամեն մեկն իր գործով թող զբաղվի»:

Թանկյանի կասկածներին, թե Սերժ Սարգսյանը ներքուստ վստահ չէ, որ ինքն է ժողովրդի ընտրած նախագահը, պարոն Սահակյանն ասաց. «Չեմ ուզում վատ բաներ ասել: Նրան մեծարելն ընդունում եմ, բայց քաղաքական իմացության եւ տրամաբանությանը շատ մեղմ եմ ուզում վերաբերվել, դրա համար չեմ ուզում հակադարձել»:

Անդրադառնալով Ս. Թանկյանի պնդումներին, թե ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ եւ պետք է պատժվեն, ՀՀԿ փոխնախագահը կոչով պատասխանեց. «Թող գան դա ժողովրդի մեջ ասեն եւ իրենց իմաստությունն օգտագործեն ժողովրդի համար: Թանկյանի եղելությունը միջազգային մշակութային ասպարեզում շատ թանկ ենք գնահատում, բայց խորհուրդներ տալու համար պետք է գալ Հայաստանում ապրել, տեսնել, գնահատել»:

Նա Թանկյանին խորհուրդ տվեց ընթերցել ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրը ու չհարցնել, թե ինչպես է նախագահը պատրաստվում երկիրը հանել տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում